Սկսվել է գործընթաց՝ Սևանին տալ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ. ՊՈԱԿ-ի  տնօրեն

21:24 • 02.08.17

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մշակել է հայեցակարգ և սկսել գործընթաց՝ Սևանա լիճը և հարակից տարածքը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատել որպես Կենսոլորտային պահպանավայր. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի  տնօրեն Վահե Գուլանյանը:   

Ըստ նրա՝ հանձնարարականը վարչապետից են ստացել, որպեսզի Սևանը միջազգային  լուրջ կարգավիճակ ձեռք բերի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստանա կենսոլորտային արգելավայրի կարգավիճակ:

«Արդեն դիմել ենք ֆոնդերին,  նաև հանձնաժողովի տվյալ բաժնին, ներգրավել ենք մի քանի հեղինակավոր ֆոնդերի՝ «Միխայիլ Սուխով» գերմանական հիմնադրամին, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցիչների  հետ սկսել ենք բանակցությունները, ՀՀ-ում իրենց էկոսֆերայի կենտրոնի հետ է հիմնական աշխատանք տարվում և հասել ենք նրան, որ սեպտեմբերին մասնագետները կգան, հստակ պայմաններ դնելու, որի հիման վրա տեխնիկական պահանջներ կդրվեն: Մինչ իրագործելիության ուսումնասիրությունը կարվի և այնուհետև գնահատում կլինի, արդեն կսկսվի համակարգ ներդնել և  ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ -ին»,-ասաց նա և հույս հայտնեց նվազագույնը երկու տարում կավարտեն, չնայած եղել են գործընթացներ, ինչը 10 տարի ժամանակ է պահանջել:

Նման կարգավիճակ ձեռք բերելով՝ ըստ Գուլանյանի Սևանը հսկայական օգուտ կքաղի: Ըստ նրա, կդրվեն  պարտավորություններ և որոշակի սահմանափակումներ կդրվեն մարդկանց առաջ և դրա փոխարեն կսահմանվի փոխհատուցում միջազգային կառույցներից:  

Հարցին, թե ինչպե՞ս է Կառավարությունը նման հանձնարարականներ տալիս, զուգահեռ հաստատում Ամուլսարի ոսկու ծրագիրը, որը ոչ միայն տեղի, այլ միջազգային փորձագետների գնահատմամբ առաջին հերթին վտանգ է հենց Սևանի համար, քանի որ Ամուլսարի շահագործումը բերելու է վտանգավոր ջրերի թափանցմանը Սևանա լիճ, Վահե Գուլանյանը պատասխանեց, որ հնարավոր վտանգի դեպքում առաջինը պայքարողը հենց ինքն է լինելու:

«Իմ տեղեկանալով իրենք նոր և լավ տեխնոլոգիաներ են առաջարկում և այդ թիմը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց բնության վրա բացասական ազդեցությունն առավելագույնը նվազեցնելու համար: Ես այդ տպավորությունն եմ ստացել այդ խմբի հետ շփումից, բայց վստահ եմ, որ շատերի համար Սևանը բոլորի համար ամենից թանկն է, և ես համարում եմ, որ առաքելություն ունեմ Սևանի մասով  իրականացնելու և Աստված մի արասցե, եթե Սևանում լինի իրական վտանգ, ոչ թե ուռճացված, ես կլինեմ առաջին պայքարողը այդ ծրագրի դեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ փորձագետների՝ Ամուլսարի տարածքը Հայաստանի խոշոր ջրային պաշարների ջրահավաք ավազանի մասն է կազմում։ Նախագծի տարածքում ստորգետնյա ջրերը սնում են աղբյուրները և լցնում հիմնական գետերը, որոնցից են Որոտանը, Արփան և Դարբը, ինչպես նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներն ու Որոտան-Արփա-Սևան թունելը, որով ջուր է տեղափոխվում Սևանա լիճ։   

Հարցին, թե ինչպես կարելի է նման գլոբալ ծրագիր մշակել, բայց հանքարդյունաբերության հնարավոր վտանգներին մատների արանքով նայել, Վահե Գուլանյանը պատասխանեց. «Հիմա Ամուլսարից ջուր չի գալիս և ես ինչի՞ պետք է մտածեմ, էդ համակարգը դեռ միացված չէ Արփային, ես ինչի մասին մտածեմ, կամ թեկուզ եթե  այդպես է, Սևանի զարգացման ծրագրեր չմշակե՞նք»:

ՊՈԱԿ նախագահը հավելեց, թե այսօր բոլոր գործընթացները տանում են նրան, որ  կենսոլորտային բավական խստապահանջ պայմաններ  սահմանվեն: «Մենք բոլոր գործընթացները տանում ենք Սևանի միջազգային ճանաչելիության և հետագայում  եթե որևէ ռիսկ կլինի Սևանի վրա, բնականաբար միջազգային կառույցների կողմից էլ  ճնշում կլինի ռիսկը չեզոքացնելու համար: Ի վերջո, դառնում է տարածաշրջանում միակ կենսոլորտային պահպանավայրը, որը կունենա կենսոլորտային ստատուս»,-ասաց նա:

Հարցին, թե ճիշտ չի լինի բնապահպանները միանան իրենց ջանքերին, Սևանին նման միջազգային կարգավիճակ ձեռք բերելու համար, որն էլ արդեն կկանխվի լճին սպառնացող բոլոր վտանգները, Վահե Գուլանյանը պատասխանեց. «Ըստ էության կարիք չկա, այստեղ անելու բան էլ չկա, վարչապետը հանձնարարականը տվել է և մենք կատարում ենք՝ Սևանը վերածել կենսոլորտային արգելավայրի, դրանից ավել այլ բան պետք չէ: Կա համընդհանուր համաձայնություն, ժողովուրդն էլ միահամուռ համաձայն են, որ դառնա պահպանավայր»,-նշեց նա: