Արտագաղթի մի խողովակ փակվում է «Գրին քարտի»-ը որակյալ մասնագետների համար խաղարկելու հաշվին. վերլուծաբան

20:30 • 03.08.17

 «Գրին քարտի»-ի շնորհիվ տարեկան 1 մլն մարդ էր ներգաղթում ԱՄՆ, որոնց մեծ մասը շարունակում էին նպաստների հաշվին ապրել այդ երկրում՝ օգուտ չտալով պետությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին, որ «Գրին քարտի» անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա:

«Այս վիճակահանության արդյունքում տարեկան 1 մլն.-ից ավել մարդ էր ներգաղթում ԱՄՆ և այդ մարդիկ հիմնականում պատահական մարդիկ էին: Ամենևին էլ փաստ չէր, որ այդ, մարդիկ գալով, ԱՄՆ օգուտ էին տալիս պետությանը: Նրանց մեծ մասը նպաստների հաշվին էր ապրում ԱՄՆ-ում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքական վերլուծաբանն ասաց, որ ԱՄՆ-ում հավանաբար եկել են այն եզրակացության, որ այդ մարդիկ անիմաստ բեռ են դառնում պետության համար, իսկ միջոցները, որոնք ծախսվում են ծրագրի իրականացման համար, չեն արդարացնում իրենց, ուստի որոշեցին ծրագիրը փոխել, հայտարարեցին, որ ԱՄՆ մուտք գործելու իրավունք կստանան որակյալ մասնագետները:

«Կարծում եմ, որ սա Հայաստանի պարագայում դրական որոշում է, որովհետև արտագաղթը գոնե այս մասով կնվազի: Հայաստանն այս ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից է եղել, հազարով քաղաքացիներ տարեցտարի հայտեր էին ներկայացնում ծրագրին՝ հույսով, որ կմեկնեն ԱՄՆ: Արտագաղթի այս մի խողովակը փակվում է»,- ընդգծեց Ռ. Մեհրաբյանը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները ևս պետք է դժվարացնեն արտագաղթի հնարավորությունները:

Վերլուծաբանը նկատեց, որ սակայն դեպի Ռուսաստան արտագաղթի ճանապարհը «նասոսի նման քաշում է մարդկանց», հայերը գնում են՝ բնակեցնում են ՌԴ ամայի տարածքները: Մեհրաբյանն ասաց, որ արտագաղթի այս և այլ ճանապարհները պետք է փակվեն, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները խրախուսում են արտագաղթը:

«Իսկ «Գրին քարտի»-ը որակյալ մասնագետների համար խաղարկելը կնեղացնի արտագաղթի հնարավորությունները, կլինի արտագաղթը կանխելու միջոց»,- հավելեց նա:

Հարցին՝ արդյոք հարցն ունի՞ քաղաքական ենթատեքստ, Ռուբեն Մեհրաբյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ հարցը ԱՄՆ ներքաղաքական հարթության մեջ է գտնվում և կապ չունի այլ պետությունների նկատմամբ ԱՄՆ հարաբերությունների հետ:

«Ներքաղաքական հաշվարկների հիման վրա ընդունված որոշում էր: ԱՄՆ-ն սահմանափակում է ներգաղթը, նրանք ուզում են, որ իրենց երկիր գան որակյալ մասնագետներ, որպեսզի բյուջեի համար բեռ չդառնան: ԱՄՆ-ն աշխատատեղերի բացման քաղաքականություն է նաև տանում, որը ևս զուգահեռ է տարվում ներգաղթյալների խնդրին»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը: