Չիլիում հավանություն են տվել հղիության արհեստական ընդհատման մասնակի օրինականացմանը
Չորեքշաբթի Չիլիի սենատը կողմ է քվեարկել օրինագծին, որը մասնակիորեն օրինականացնում է հղիության արհեստական ընդհատումը:
24 Horas պորտալի հաղորդմամբ՝ օրենքի վերջնական հաստատումից հետո կինը կարող է հղիությունն ընդհատել հետևյալ դեպքերում՝ երբ այն վտանգ է ներկայացնում մոր կյանքի համար, հղիություն է բռնաբարության արդյունքում կամ պտղի անկենսունակության դեպքում։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս օրենքը դարձել է կաթոլիկ հարավամերիկյան երկրի ամենաքննարկվող ու դատապարտվող օրենքներից մեկը. այն առաջարկել է նախագահ Միշել Բաչելետի կառավարությունը: Օրինագծին կողմ է քվեարկել 22 և դեմ՝ 13 սենատոր:
Նշվում է, որ փաստաթուղթն արդեն անցել է բոլոր օրենսդրական մարմիններով, սակայն նախագահի կողմից հաստատվելուց առաջ այն պետք է հաղթահարի հակառակորդների դիմադրությունը, որոնք հայց են ներկայացրել երկրի սահմանադրական դատարան:










