Իսրայել արտահանձնման մասին Լապշինի դիմումը փոխանցվել է Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը

18:41 • 03.08.17

Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դիմումը Իսրայել արտահանձնման մասին փոխանցվել է Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: 

«Արտահանձնման մասին դիմումը փոխանցվել  է Արդարադատության նախարարությանը»,- ասել է Չերնինը: Նա հավելել է, որ արտահանձնումը հնարավոր է միայն դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո: 

«Դատավճիռն ուժի մեջ է մտնում մոտավորապես ամսի 14-ին»,- հայտնել է փաստաբանը: 

Ավելի վաղ Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտարարել էր, որ Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման հարցով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն: 

Հաղորդվում է, որ Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է բողոքարկել դատարանի կայացրած դատավճիռը: 

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»: 

Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։