Հրվ. Կորեան ցուցադրել է բունկերների ոչնչացման համար նախատեսված իր հրթիռների ճշգրտությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավային Կորեան ցուցադրել է իր հրթիռների ապշեցնող ճշգրտությունը՝ այդպիսով ուղերձ հղելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, գրում է The Daily Mail-ը:
Հարավային Կորեան իրականացրել է իր Hyunmoo II հրթիռի փորձարկումը Միացյալ Նահանգների հետ անցկացվող համատեղ զորավարժությունների ժամանակ:
Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Մուն Ջե-Ընը հայտարարել է, որ հրթիռները կարևոր բաղադրիչ կլինեն Հյուսիսային Կորեայի հրթիռային հնարավոր հարձակումներին հակահարված տալու համար:
Փորձարկման ժամանակ հրթիռը մխրճվել է գետնի մեջ, այնուհետև բռնկվել բունկերում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ օդուժը հաջողությամբ փորձարկել է իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, ինչը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձակումից օրեր անց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ: Փորձագետների կարծիքով՝ հրթիռը մինչև Նյու Յորք հասնելու և քաղաքին հարվածելու հնարավորություն կարող է ունենալ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում» են և ևս մեկ անգամ ապացուցում են երկրի կարողությունը՝ հրթիռային արձակումներ իրականացնել ցանկացած կետից՝ ցանկացած պահի։
Հուլիսի սկզբին Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել էր «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հրթիռն անցել էր հետագծով, որը փորձագետների կարծիքով՝ կարող է թույլ տալ հարվածել ԱՄՆ Ալյասկա նահանգին:
Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:
Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:


















