Արաբկիրի նախկին ոստիկանապետը անօրինական գործողություններ չի կատարել, մուտք է գործել իր սեփականություն. փաստաբան
Արաբկիրի նախկին ոստիկանապետ Վարազդատ Ադամյանը անօրինական գործողություններ չի կատարել, մուտք է գործել իր սեփականություն, գործողությունները կատարել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մնացական Ղազարյանը՝ հավելով, որ իր վստահորդ Վարազդատ Ադամյանը Շենգավիթում գտնվող անշարժ գույքը՝ «Էս-Վի» հյուրանոցը, ձեռք է բերել աճուրդային կարգով:
Փաստաբանի դիտարկմամբ՝ մյուս կողմը՝ Վարազդատ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է կատարում՝ ասելով, որ հուլիսի 18-ին Վարազդատ Ադամյանը հյուրանոց է ներխուժել:
«Իսկ նրանք աճուրդը վիճարկե՞լ են, դուք հարցրել եք, աճուրդը որևէ ձևով օրենքին հակառա՞կ է կնքվել, որևէ արգելք դրված չի եղել»,- շեշտեց Մնացական Ղազարյանը:
Վարազդատ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանը ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ պատահական չի համարում այն, որ գույքը հենց Արաբկիրի նախկին ոստիկանապետն է գնել, քանի որ հայտարարում էր, որ ինքը ևս հյուրանոցի սեփականատեր է եղել և բազմաթիվ անօրինությունների միջոցով փորձել է ասվածն ապացուցել։
«Իմ վստահորդ Վարազդատ Մանուկյանը տարիներ առաջ հյուրանոցային համալիրի շենք է ձեռք բերում իր ծանոթից-մտերիմից, գրանցում է։ Դրանից մի քանի տարի հետո Վարազդատ Ադամյանը դիմում է դատարան, ասում է, որ երբ ոստիկանապետ էր, այդ ընթացքում է ձեռք բերվել, և ինքը հանդիսանում է գույքի մի մասի սեփականատերը, քանի որ գումար է տվել։ Ընդ որում՝ նշում է, որ Վարազդատ Մանուկյանը բանկից իր անունով գումար է վերցրել՝ հյուրանոցային համալիրը գրավ է դրել, այդ գումարը տվել է իրեն, ինքն էլ տվել է վստահորդիս, որպեսզի տա վաճառողին, նման սխեմա է ասում։ Մենք բողոքարկում ենք, դատարան է գալիս գույքի նախկին սեփականատերը և ասում է, որ նախկին ոստիկանապետին չի ճանաչել, նրանից գումար չի վերցրել, նրան չի վաճառել, իրեն գումարը տվել է Վարազդատ Մանուկյանը։ Նախկին ոստիկանապետը ևս նշում է, որ վաճառողին չի ճանաչել , գործարքից 1,5 տարի հետո է գործով առնչվել: Առաջին անգամ դատարանը գործարքը շինծու ճանաչեց, գույքի կեսի նկատմամբ Վարազդատ Ադամյանի սեփականությունը ճանաչեց,Վերաքննիչ դատարանը բեկանեց, հետ ուղարկեց, ամեն դեպքում առաջին ատյանի դատարանը ճանաչեց, որ կես մասի գնորդը Ադամյանն է, վերաքննիչը նույնը թողեց, գնաց Վճռաբեկը չընդունեց: Բացի այդ, գույքը գրավ էր դրված, իսկ Վարազդատ Մանուկյանը պարտք ուներ, չէր կարողանում տալ, սնանկ ճանաչեցին»,-մանրամասնել էր փաստաբանը հավելելով, որ նախկին ոստիկանապետը բարձրաստիճան հովանավորներ ունի և օգտագործել է իր կապերը նման վճռին հասնելու համար:
Արաբկիրի նախկին ոստիկանապետի շահերը ներկայացնող փաստաբանը ընդգծեց, որ Վարազդատ Ադամյանը դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ճանաչվել էր գույքի 1/2 մասի սեփականատեր: «Սեփականատեր է ճանաչվել մինչև գույքի աճուրդի դրվելը , այնուհետև աճուրդով ձեռք է բերել գույքը, բազմաշերտ բազմաբևեռ գործ է»,- շեշտեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Վարազդատ Մանուկյանը գործարքի կնքման ժամանակ ամուսնացած է եղել, ուստի ամուսնուն դատարանով բաժին հասած գույքի մի մասի սեփականատեր է համարվում և դիմել է դատարան՝ աճուրդը վիճարկելու համար, փաստաբանը շեշտեց, որ աճուրդի կայացման ժամանակ որևէ սահմանափակում դրված չի եղել:
«Շատ բարի, կնոջ գործով կա Քաղաքացիական օրենսգրքի 316 հոդված, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում այդ մասով, բարդ իրավահարաբերություն է՝ համասեփականատիրոջ առկայության պայմաններում անշարժ գույքը գրավադրելու և անշարժ գույքը աճուրդով վաճառելու մասով, բայց նույնիսկ այդ պայմաններում գույքը արգելի տակ չի եղել վաճառելու համատեքստում: Եթե իմ հարգարժարան գործընկերները կարծում են, որ օրինական գործողություններ չեն եղել, նրանք զրկված չեն իրավաբանորեն գործարքը ամբողջովին վիճարկելու հնարավորությունից: Ես հավաստիացնում եմ ձեզ, բոլոր գործարքները կնքվել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, կարող եք վերլուծել ցանկացած գործարքը, ակտը»,- շեշտեց նա:
Հիշեցնենք , որ մյուս կողմի՝ Վարազդատ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանը շեշտել է, որ դատարանի վճռով Վարազդատ Ադամյանը գույքի մի մասի սեփականտեր էր ճանաչվել ընդամենը մեկ ցուցմունքի հիմա վրա, որը նախակին «օպերլիազոր» է, աշխատել է Արաբկիրի նախկին ոստիկանապետ, հիմա էլ նշանակվել է վեճի առարկա դարձած հյուրանոցի տնօրեն:
Հիշեցնենք նաև, որ Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ գնդապետ Վարազդատ Ադամյանը համակարգից հեռացվել էր Հովհաննես Թամամյանի գործով (պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար՝ շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, և պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):










