Մոլդովայի նախագահը դեռևս մտադիր է Իրանում հանդիպել «անցանկալի անձ» հայտարարված Ռոգոզինի հետ

11:53 • 03.08.17

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ նախկինի պես մտադիր է Թեհրանում հանդիպում անցկացնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ, ով Մոլդովայում անցանկալի անձ է հայտարարվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դոդոնը հուլիսի 29-ին հայտարարել է, որ օգոստոսի 5-ին պատրաստվում է հանդիպել Ռոգոզինի հետ Թեհրանում, որտեղ կայանալու է նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը: Օգոստոսի 2-ին Մոլդովայի կառավարությունը Ռուսաստանի փոխվարչապետին անցանկալի անձ է հայտարարել:


Նա նաև հայտարարել է, որ աղոթքի ժամանակ հիշել է Գերմանիայի նախկին կանցլեր Օտտո Բիսմարկի խոսքերը. «Հույս մի ունեցեք, որ մի անգամ օգտվելով Ռուսաստանի թուլությունից՝ դուք մշտապես դիվիդենտներ եք ստանալու: Ռուսները միշտ գալիս են իրենց փողերի հետևից: Եվ երբ նրանք գան՝ հույս մի դրեք ձեր ստորագրած ճիզվիտական համաձայնագրերի վրա, որոնք իբր ձեզ արդարացնում են: Դրանք չարժեն այն փողը, որի վրա գրված են: Այդ պատճառով ռուսների հետ արժե կամ խաղալ ազնիվ, կամ ընդհանրապես չխաղալ»:


«Կարծում եմ, որ նրանք, ովքեր վերահսկում են Քիշնևի ներկայիս կառավարությունը, այդ մասին մոռացել են»,- հավելել է Դոդոնը:


Ռոգոզինը և Դոդոնը պետք է հանդիպեին Մոլդովայում անցած շաբաթ: Բայց ռումինական իշխանություններն ինքնաթիռում «պատժամիջոցների տակ գտնվող անձի» առկայության պատճառով թույլ չէին տվել ռուսական պատվիրակության ինքնաթիռին հատել օդային սահմանը: Դրանից հետո Ռոգոզինը վերադարձել էր Մոսկվա, իսկ հանդիպումը որոշվել էր տեղափոխել Թեհրան: