Թրամփը հերքել է լուրերը, թե նա Սպիտակ տունն «իսկական աղբանոց» է անվանել

09:56 • 03.08.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին և «բացարձակ սուտ» որակել հրապարակումները, թե նա ասել է, որ Սպիտակ տունն «իսկական աղբանոց է»։


«Ես սիրում եմ Սպիտակ տունը։ Այն գեղեցկագույն շինություններից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ։ Սակայն ֆեյք լուրերը հայտարարել են, թե ես այն անվանել եմ աղբանոց»,- գրել է Թրամփը «Թվիթերի» իր էջում։


Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ այդ հոդվածը «բացարձակապես սուտ» է։


Հիշեցնենք, որ ամերիկյան Golf ամսագիրը նյութ էր հրապարակել, ըստ որի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունն «իսկական աղբավայր» է անվանել։ Նշվում է, որ նման հայտարարություն Թրամփն արել է Նյու Ջերսի նահանգում գտնվող իր գոլֆ ակումբում, ուր հաճախ է այցելում:


Ակումբի անդամների հարցին, թե ինչու է նախագահը սիրում այցելել այդ ակումբ, նախագահն ասել է. «Այդ Սպիտակ տունն իսկական աղբավայր է»: 


Լրատվամիջոցների համաձայն՝ հենց այդ պատճառով է երկրի ղեկավարն իր 28 հանգստյան օրերից 11-ն անցկացրել իր գոլֆ ակումբում։