Թրամփի աջակցության վարկանիշը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշը նվազել է մինչև 33 տոկոս և հասել ամենացածր ցուցանիշին հունվարի 20-ին Վաշինգտոնում նրա երդմնակալությունից ի վեր: Այդ մասին են վկայում Քվինիփեքի համալսարանի անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքները, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես պարզել են հետազոտողները, հարցման մասնակիցների 61 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է նրանից, թե ինչպես է Թրամփը կատարում նախագահի պարտականությունները: 33 տոկոսը հակառակ տեսակետն ունի, մնացածը չի կարողացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին:
Հունիսի 29-ին ինստիտուտը հրապարակել էր նախորդ հարցման արդյունքները, որոնց համաձայն նախագահի աշխատանքից դժգոհողների թիվը 55 տոկոս էր, իսկ այն հավանության արժանացնողների թիվը՝ 40 տոկոս:
Այժմ հարցման մասնակիցների 62 տոկոսը երկրի ղեկավարին անազնիվ է համարում, 63 տոկոսը մեղադրում է Թրամփին իսկական առաջնորդի որակներ չունենալու համար, իսկ 59 տոկոսը կարծում է, որ նրան չեն մտահոգում շարքային ամերիկացիների խնդիրները:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 63 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը փորձել է անցած տարի միջամտել ԱՄՆ-ում նախընտրական արշավին:










