ՍԴՀԿ-ն առաջիկայում մասնակցելու է ՏԻՄ ընտրական գործընթացներին և արդեն շատ ակտիվ պատրաստվում է 2022 թ. ԱԺ ընտրություններին. Ն. Գալստյան

21:06 • 04.08.17

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն արդեն շատ լուրջ ձևով պատրաստվում է 2022 թ. խորհրդարանական ընտրություններին, իսկ մինչ այդ, կուսակցությունը մասնակցելու է Կապանում և Մարալիկում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Նա նաև խոսեց այլ քաղաքական ուժերի հետ ՍԴՀԿ-ի համագործակցության, ինչպես նաև առաջիկայում սպասվող համագումարի մասին:

-Պարո՛ն Գալստյան, մամուլում գրում են, որ մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանում տեղի կունենա ՍԴՀԿ-ի համագումարը։ Ճի՞շտ է տեղեկությունը:

-Այո, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը համաշխարհային կառույց է և բացի հայաստանյան կառույցի համագումարից, ամեն 4 տարին մեկ համաշխարհային համագումար է տեղի ունենում: Համագումարի ընթացքում ճշգրտվելու է կուսակցության քաղաքականությունը, ինչպես նաև քննարկվելու են սփյուռքի, Հայաստանի, հայության առջև ծառացած խնդիրները:

-Ի՞նչ հետաքրքիր գործընթացներ, որոշումներ են սպասվում այս համագումարի ընթացքում:

- Կուսակցության համագումարը միշտ էլ հետաքրքիր է, որովհետև բազմաթիվ և բազմապիսի հարցեր են քննարկվելու, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի և հայ ժողովրդի հետ, բայց մանրամասնություններ չեմ կարող ասել:

- Համագումարի հիմնական հարցը ո՞րն է լինելու:

- Հիմնական հարց չկա, կան օրակարգային բազմաթիվ հարցեր՝ սկսած Մերձավոր Արևելքի համայնքի խնդիրներից մինչև Հայաստանում կուսակցության կազմակերպական խնդիրները:

- Դուք ԱԺ ընտրություններից հետո առաջիններից էիք, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում կուսակցության խոշորացման հարցը բարձրացրեցիք, և վերջերս ՍԴՀԿ-ին միացավ «Հայազն» կուսակցությունը: Այս հարցը նորի՞ց կուսակցության օրակարգում է, հնարավո՞ր է, որ առաջիկայում  այլ քաղաքական ուժեր էլ միանան ՍԴՀԿ-ին:

- Բնականաբար կուսակցությունների խոշորացման նախադեպը նախկին «Հայազնի» հետ տեղի ունեցած գործընթացն էր: Այժմ կան բազմաթիվ քաղաքական կազմակերպություններ, որոնք ուզում են համագործակցել ՍԴՀԿ-ի հետ, բայց մենք միայն առաջնորդվում ենք գաղափարական օրակարգով: Մենք կոնսուլտացիաների մեջ ենք այնպիսի քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր գաղափարական օրակարգը: Ելնելով այս իրականությունից, հիմա որևէ անուն ասելը անտեղի կլինի, սպասենք, առաջիկայում  կտեսնենք, գործընթացները շարունակվում են:

-Կարելի՞ է ասել, որ ՍԴՀԿ-ն արդեն պատրաստվում է 2022 թ. խորհրդարանական ընտրություններին:

- Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ցանկանա իր ձայնը ունենալ խորհրդարանում: Սա նորմալ երևույթ է: Մենք պատրաստվում ենք և 2022 թ.-ի ընտրություններին, և բոլոր հնարավոր ընտրական գործընթացներին, որոնք տրվում են ՀՀ օրենքով: Այն քաղաքական ուժերը, որոնք ընտրություններին չեն մասնակցում, կամաց-կամաց մարգինալացվում են, իսկ Հնչակյան կուսակցությունը երբեք չի կարող լինել մարգինալ քաղաքական կազմակերպություն:

-Իսկ մինչ խորհրդարանական ընտրություններ, ՍԴՀԿ քաղաքական դաշտում առաջիկայում ի՞նչ ակտիվ քայլեր է անելու:

- Կուսակցությունը ամենօրյա քաղաքական աշխատանքի մեջ է: Հիմա ամառ է և բնականաբար ավելի հանգստյան շրջան է: Մենք հիմա զբաղված ենք կազմակերպչական հարցերով, առաջիկայում մասնակցելու ենք խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մասնավորապես՝ վստահությամբ կարող եմ ասել, որ մասնակցելու ենք Կապանում և խոշորացված Մարալիկում: Քաղաքական գործընթացների մեջ ենք, բայց կարծում եմ՝ կուսակցությունը պետք է լինի պատասխանատու, պատրաստակամ և պատրաստված՝ երկրում տեղի ունեցող գործընթացներին ադեկվատ արձագանքելու համար: