«Ախուրյան Զանգ»-ի կին հսկիչը 657 հազար դրամ է յուրացրել. գործը դատարանում է

23:04 • 04.08.17

«Ախուրյան Զանգ» ընկերության կին հսկիչը 657 հազար դրամ է յուրացրել: Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ օգոստոսի 3-ին գործն ուղարկվել է Արթիկի դատարան և մակագրվել դատավոր Աշոտ Մանուկյանին:

Լուիզա Մնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. հուլիսի 1-ից աշխատելով «Ախուրյան Զանգ»-ում որպես հսկիչ, լիազորված լինելով հավաքել Շիրակի մարզի Ախուրյան և Նոր Ախուրյան գյուղերի բնակիչ-բաժանորդների աղբահանության գումարները, միասնական դիտավորությամբ 158 բաժանորդ բնակչի տրամադրել է ընդհանուր 137.200 ՀՀ դրամ գումարի պատճենահանված անդորրագրերի 2-րդ օրինակները:

Նա 101 բաժանորդի էլ տրամադրել է անդորրագրեր, որի 2-րդ և 1-ին օրինակների գումարային տարբերությունը կազմել է 59 հզր. ՀՀ դրամ, 98 բաժանորդ բնակչին տրամադրած անդորրագրերի 2 և 1 օրինակները եղել են տարբեր, որի ընդհանուր գումարը կազմել է 129հզր. ՀՀ դրամ, 65 բաժանորդից հավաքագրել է ընդհանուր 119հզր. դրամ աղբի վարձավճարներ, սակայն նրանց համապատասխան անդորրագրեր չի տրամադրել: Նա հավաքագրված աղբի վարձավճարների գումարները և անդորրագրերի երկրորդ օրինակները համակարգողին չի հանձնել, որի արդյունքում դրանք բազաներում չեն մուտքագրվել, իսկ մնացած անդորրագրերի երկրորդ օրինակներում կեղծ տեղեկություններ է մտցրել մուծված գումարների չափի վերաբերյալ և հավաքված խոշոր չափի` ընդհանուր 657 հզր. ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: