Չնայած զգուշացումներին՝ խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց, շինհրապարակներում և այլ բացօթյա վայրերում աշխատանքը եռում է (տեսանյութ)
Մինչ պատկան մարմինները՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, այս օրերին զգուշացնում են օգոստոսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց և հնարավորինս ստվերոտ հատվածներում լինել, Երևանի շինհրապարակներում և այլ բացօթյա վայրերում աշխատանքը եռում է:
Մասնավորապես՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցու հարևանությամբ բավական մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Աշխատող բանվորները խուսափեցին տեսախցիկի առաջ Tert.am-ի հետ զրուցել, բայց առաձին զրույցում պնդեցին, որ դիմանում են և նորմալ աշխատում են: Ըստ նրանց՝ օրվա ավելի շոգ պահերին հանգիստ են առնում օդորակիչով ապահովված տնակում: Բացի այդ, չնայած շինհրապարակի շոգին ու փոշու հսկայական ամպին, փորձում էին նաև շոգի դեմ պայքարել անդադար հոսող ջրով լվացվելով: Կային մարդիկ, ովքեր աշխատում էին՝ թաց սրբիչները պարանոցին գցած:
Շինղեկը կրկին տեսախցիկից դուրս ասաց, որ դադարներն ավելի հաճախ բանվորներին է տրվում, իսկ շինտեխիկայի ներսը ապահովված է օդորակիչով: Իսկ եթե հետևեն Հիդրոմետի խորհուրդներին, ապա աշխատանքը հետ կմնա, քանի որ բավական շոգ եղանակները տևական ժամանակ են:
Նշենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ օգոստոսի 5-ից սկսած՝ հովտային գոտիներում, մասնավորապես՝ Արարատյան դաշտում կարձանագրվի մինչև +40, իսկ օգոստոսի 6-ին, 7-ին և 8-ին մինչև +41, առանձին ցածրադիր հատվածներում +42 աստիճան: Օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով, որը գիտականորեն կոչվում է տաք օդի անոմալիա:










