Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

20:04 • 04.08.17

Ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին շաբաթը նշվում է երկաթուղայինների օրը: Հայ երկաթուղայինների համար, սակայն, այդ օրը կրկնակի տոնական էր, քանի որ այս տարին հոբելյանական է միաժամանակ մի քանի կարևոր իրադարձությունների համար: Լրանում է ռազմավարական նշանակություն ունեցող Ջաջուռի երկաթուղային թունելի հորատման 120-ամյակը, Ալեքսանդրապոլ-Էրիվան առաջին շոգեքարշի ժամանման 115-ամյակը և երկաթուղու ամբողջական էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

Այդ առթիվ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան, պատվոգրերով պարգևատրել ՀԿԵ-ի այն աշխատակիցներին, ովքեր զգալի ավանդ են ներդրել տրանսպորտային համակարգի կայացման գործում:

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ`մաղթելով մեծագույն հաջողություններ:

«Երկաթուղին շատ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական առաջընթացի և անվտանգության տեսանկյունից: Վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետագա քայլերը ևս ուղղված կլինեն փոխադրումների որակի բարձրացմանն ու ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն ևս շնորհավորել է երկաթուղու աշխատակիցներին ու բարեխղճորեն կատարած աշխատանքի համար հուշամեդալներ հանձնեց նրանց:

«Այս տարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվելու է 5.4 միլիոն դոլարի ներդրում: Նոր նախագծեր ենք պլանավորում առավել հարմարավետ ուղևորափոխադրում կազմակերպելու համար, ծրագրեր ենք իրագործում երկաթուղով բեռնափոխադրումներն ակտիվացնելու ուղղությամբ»:

Երկաթուղայիններին շնորհակալագրեր են հանձնվել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: