Ահաբեկչություն էր, ուրիշ երկրում մեկ օրում կգտնեին կասկածյալին. Շամիրամի սգո սրահում վիրավորված Ֆայզո Օզմանյան. տեսանյութ
Արգածոտնի մարզի Շամիրամ համայնքի սգո սրահում օգոստոսի 1-ին հրազենային վիրավորում ստացած Ֆայզո Օզմանյանը, ով այժմ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե որևէ տարբերություն չի տեսնում ահաբեկչի և Թելման Քալաշյանի գործողությունների մեջ, ով այդ օրը ներխուժել էր Շամիրամ համայնքի սգո սրահ և կրակ բացել՝ սպանելով սպանելով 4 և վիրավորելով 5 մարդու։
«Ջահել տղեն Զորիկ Օզմանյանը իմ հորեղբոր տղեն է, ես իրա հետ կանգնած էի, ինքը առաջ գնաց, ասեց, իրան որ մարդիկ նստած են, խերի՝ հոգեհացի մեջ են, էդ ձևով հարցեր չեն լուծում, սպասի հանգստացի, իմանանք ինչի համար ես ավտոմատով եկել, ինքը րոպեական էդ պահին կրակեց Զորիկի գլխին, ես կողքն էի, շրջվեց իմ վրա էլ կրակեց։ Հետո չհասկացանք՝ ինչ էր անում, մենակ ժողովրդին գոռաց պառկեք ու սկսեց անկանոն կրակելը»,– պատմեց Ֆայզո Օզմանյանը։
«Մյուս քեռուս տղեն էլ, որ մահացել է, երևի իրան էլ պատահական է կպել։ Եթե եկել էր հատուկ սպանության համար, կարար 86 տարեկանին չսպաներ։ Էլի մեր գյուղից հարևան տղա սպանեց, էս 80 տարեկան մարդուն կրակել է, ինձ էլ սկվազնոյ խփել ա»,- մանրամասնեց Ֆայզո Օզմանյանը:
Նա նաև ընդգծեց, որ չի կարծում, որ սպանվածների և վիրավորվածների հարազատները կգնան վենդետայի: «Եթե Հայաստանի ոստիկանները չեն կարողանում գտնել, մենք՝ ոչ ոք էլ էդքան ուժ չունենք, որ գտնեք, սպասենք իրավապահների գործողություններին: Քիչ զոհ չի եղել , տարբեր երկրներում, որ մեկից ավել մարդ են սպանում մի սուտկայում գտնում են։ Մեր փոքր Հայաստանում շատ հարցեր են տալիս, փոքր գործողություններ անում, 10 հոգու խփել է, 4–ին սպանել, թողել գնացել»,- ընդգծեց նա:
Ֆայզո Օզմանյանը նաև ասաց, որ ո՛չ վիրավորների, ո՛չ սպանվածների մեջ «հեղինակություններ» չեն եղել: Ինչ վերբերում է վարկածին, թե Թելման Քալաշյանը 100 հազար դոլար պարտք է պահանջել, ապա Ֆայզո Օզամանյանը ասաց, որ այդպիսի բան չի հիշում, չգիտի ինչ պահանջով էր Թելման Քալաշյանը Շամիրամի սգո սրահ գնացել:
Ֆայզո Օզմանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, որ կասկածյալ Թելման Քալաշյանը դիմել է փախուստի։ Ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրողներին խոստանալով դրամական պարգև։










