Իսպանիայում աշխատանքից ազատել են 10 տարի աշխատանքից բացակայած, սակայն աշխատավարձ ստացած պաշտոնյային
Վալենսիայի օրենսդիր ժողովն աշխատանքից ազատել է նահանգի արխիվի աշխատակցին, որը 10 տարի չի եկել աշխատանքի, սակայն աշխատավարձ է ստացել: Այս մասին հայտնում է La Sexta հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2006 թվականից Կառլես Ռեսիոն տարեկան ստացել է 50 հազար եվրո: Նա աշխատանքի է գնացել ժամը 7:00-ին, նշել իր մուտքն էլեկտրոնային համակարգում, կես ժամ անց լքել տարածքը, վերադարձել 16:00-ին և նշել, որ ավարտել է աշխատանքային օրը:
Տղամարդու խոսքով՝ ինքը «միշտ նույն բանն է արել՝ աշխատել է փաստաթղթերի հետ», իսկ դա, նրա կարծիքով, «սև գործ» է:
Նշվում է, որ «աշխատանքից» ազատ ժամանակ նա կոմիքսներ է նկարել, իսկ մինչ արխիվում աշխատանքի ընդունվելը՝ 2005 թվականին, նա իր բնակարանում հասարակաց տուն է բացել միասեռականների համար:
Ներկա պահին Կառլես Ռեսիոն բժշկի տեղեկանքի հիման վրա չի գնում աշխատանքի: Պատգամավորները պետք է որոշեն՝ պատժի ինչ միջոցներ կիրառել Կառլեսի անմիջական ղեկավարի՝ արխիվի տնօրեն Մարիա Խոսե Գիլի դեմ:










