Վենետիկի իշխանությունները կբարձրացնեն տուգանքները` զբոսաշրջիկներին քաղաքը հարգել ստիպելու համար
Վենետիկի իշխանությունները հայտարարել են «հյուրերի վարքի 12 ոսկե կանոն» սահմանելու և ոչ պատշաճ պահվածքի համար տուգանքների խստացման մասին՝ դա բացատրելով զբոսաշրջիկներին քաղաքը հարգել ստիպելու մտադրությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Նախկին 50 եվրոյի փոխարեն ջրանցքերում լողալու համար զբոսաշրջիկը կվճարի 500 եվրո: Լողազգեստով կամ մերկ իրանով քաղաքում զբոսնելու համար տուգանքը կհասնի 200 եվրոյի: Նրանք, ովքեր աղբ կնետեն և գրություններ կթողնեն հուշարձանների վրա, կվճարեն 400 եվրո: 100-ական եվրո կպահանջվի նրանցից, ովքեր պիկնիկ կկազմակերպեն հանրային վայրում կամ հեծանիվով կանցնեն հետիոտնի համար նախատեսված հատվածներով:
«Հարգեք Վենետիկը: Մենք ձեզ հրավիրում ենք այստեղ, բայց դուք պետք է ձեզ օրենքներին համապատասխան պահեք կամ վճարեք դրա դիմաց»,- հայտարարել են Վենետիկի իշխանությունները:
Զբոսաշրջիկներին կանոնները պահելու անհրաժեշտության մասին հայտնելու համար հատուկ արշավ է գործարկվելու՝ «Վայելիր և հարգիր Վենետիկը» անունով: Բացի սոցիալական ցանցերում գործարկվող արշավից՝ համապատասխան բովանդակության հայտարարություններ են տեղակայվելու նաև քաղաքային խորհրդի կայքում և զբոսաշրջիկների կուտակման վայրերում:










