Հացի, գոյության պայքար է, տեղափոխվել ենք այստեղ. Ֆիրդուսի մի շարք առևտրականներ «Հրազդան» տոնավաճառում տաղավարներն են հարդարում (տեսանյութ)

13:22 • 05.08.17

«Հրազդան» տոնավաճառում տաղավար վերցնելու համար արդեն իսկ հերթագրվել են  Ֆիրդուսի տոնավաճառի տասնյակից ավելի առևտրականներ: Tert.am-ի հետ զրույցում Ֆիրդուսի տոնավաճառում նախկինում առևտուր իրականացնող անհատ ձեռներեց Սպարտակ Սահակյանը նշեց, որ առևտրականները տաղավարները վերջնական հարդարելու են եկող շաբաթվանից, այս պահին էլ ինքը և մի քանի առևտրականներ տաղավարները  հարդարում են:

«Առաջին երկու ամիսն անվճար են տվել, մեզ ընդառաջեցին, անելանելի վիճակում էինք,  չգիտեինք՝ ուր գնայինք, երկու ամիս հետո մեկ տաղավարի համար վճարելու ենք ամսական 30 հազար դրամ, իմը երկուսն է, ես 60 եմ վճարելու, եթե առևտուր  լինի  թանկ չէ, նորմալ գներ են»-շեշտեց անհատ ձեռներեցը:

Սպարտակ Սահակյանը շեշտեց, որ Ֆիրդուսի առևտրականներին կառավարությունը և քաղաքապետարանը փաստի առաջ են կանգնեցրել, ժամանակավորապես թողել են շուկայի տարածքում առևտուր իրականացնել նրանց, ովքեր ավտոտնակներում են տաղավարներ ունեցել, այն էլ առևտրականներն ապրանքը չեն կարող ավտոտնակից դուրս ցուցադրել:

«Ուղղակի քաղաքապետից, կառավարությունից մեր դժգոհությունն այն էր, որ մեզ  ժամանակ չտվեցին, հապճեպ մտան ու ստիպողաբար հանեցին: Չգիտեմ՝ մեր համար լավ կլինի, թե՞ վատ, հացի, գոյության պայքար է, եկել ենք այստեղ, տեսնենք՝ ինչ կլինի»,-շեշտեց նա:

Սպարտակ Սահակյանը նաև ընդգծեց, որ վերջնական հաշվետվություն են ներկայացնելու հարկային մարմիններին և իրազեկելու են հասցեի փոփոխության մասին:


Մանրամասները՝տեսանյութում