Մնացել էր միայն մարդ ծխի ու հնարավորինս կապերը խզի իրականության հետ, դա էլ չեն թողնում. Վարդան Բոստանջյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը դժգոհ է ծխելու դեմ պայքարի կառավարության ընդունած նոր ռազմավարությանը, որի նպատակը ծխողների թիվը 30-ից 40 տոկոսով կրճատելն է ծխախոտի գնի թանկացման հաշվին: Tert.am–ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ չի հասկանում, թե դրանով կառավարությունն ինչ նպատակներ ունի։
«Մեր նման երկրում մնացել էր միայն մարդ ծխի ու հնարավորինս կապերը խզի իրականության հետ, որպեսզի չզգա, թե ինչքան տխուր է այս երկրում ապրելը, դա էլ չեն թողնում»,– ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ նման պայմաներում էլ դեռ այս իշխանությունները մտածում են ծխախոտի թանկացման մասին:
«Չգիտեմ, թանկացնում են ի՞նչ նպատակներ հետապնդելով, որպեսզի գանձարանի փողե՞րը լցնեն, որտեղից առանց այն էլ լավ էլ գողացվում է, լավ էլ ռիսկերի հետ է կապված, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ նման հասարակ կերպով խնդրի լուծումը նման է բոլոր մնացած խնդիրների լուծմանը: «Դուք նախ երկիրը երկիր դարձրեք, աշխատատեղեր ստեղծեք, ընդհանրապես մարդկանց համար պայմաններ ստեղծեք, կամաց-կամաց գոնե արեք, թե չէ ամեն օր խորհրդակցություն, մեկ էլ հանկարծ քննարկումներ և այս ամեն ինչի արդյունքում, ժողովրդին հերթական բռնաբարելու նոր քայլ, ո՞նց կարելի է»,- ասաց նա:
Կոնկրետ Վարդան Բոստանջյանը սեփական օրինակով ասաց, որ 50 տարուց ավելի ծխել է և ծխելու է: «Բայց արի ու տես էդ կառույցի ղեկավարն ասում է՝ ովքեր ծխում են, անհաջողակ են ... ասա դու լավ է մտածի, թե ով է անհաջողակ, դո՞ւ այս երկրի համար, թե ով: Հիմա առանց այդ էլ այն մարդիկ իրենց ունեցած ողորմելի եկամուտների պայմաններում մի հատ էլ ծխախոտի համար պետք է ավել վճարեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե մինչև 2021թ-ը ամեն տարի ծխախոտի ակցիզային գինը 15%-ով թանկացնելու պահանջը ԵԱՏՄ-ինն է, որին կողմ էր նաև ԲՀԿ-ն, Բոստանջյանը պատասխանեց. «Ես ո՛չ ԵԱՏՄ-ի հետ եմ կապում, ո՛չ ԵՄ-ի, կապում եմ մեր փնթի կառավարության հետ»:










