Երևանում բոլշևիկների անուններով դպրոցները, փողոցները պետք է անվանափոխվեն, դա պետք է լինի մեծ փոփոխությունների մի մասը. Դ. Խաժակյան (տեսանյութ)

21:11 • 05.08.17

Երևանի այն դպրոցները և փողոցները, որոնք անվանակոչված են հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պետք է վերանայվեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Կարծում եմ՝ սա պետք է լինի մի մեծ փոփոխությունների մեջ ներառված փաթեթ, որն իր հետ բերելու է ոչ թե զուտ անվան փոփոխություն, այլ բերելու է պատմության վերաարժևորում»,- նշեց նա:

- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա տարածքում  երեկ տեղի է ունեցել «Խավարում» անվամբ ցուցադրության բացումը, որը նվիրված է սովետական բռնատիրության զոհերին: Միջոցառման ընթացքում նաև քննարկվել է բոլշևիկ քաղաքական գործիչների անուններով Երևանի փողոցների և դպրոցների անվանափոխության հարցը: «Ելքը» առաջիկա ավագանու նիստերին պատրաստվո՞ւմ է այս հարցը բարձրացնել:

-Այս հարցը ՀՀ իշխանությունների համար օրակարգային պետք է լիներ դեռևս անկախության առաջին տարիներին: Անկախությունն իր հետ պետք է բերեր ոչ միայն այն պետական ատրիբուտները, որոնք մենք ունեցանք, այլև պետք է արժեքային փոփոխություն բերեր: Այն մարդիկ, ում անուններով փողոցներ և դպրոցներ կան, պետք է վերագնահատվեին և գնահատվեին որպես Հայաստանի Հանրապետությանը ի նպաստ գործիչներ, գրողներ: Այդ հարցը վաղուց պետք է օրակարգային լիներ, բայց ես կարծում եմ՝ սրա ժամանակը գալու է: «Ելք» խմբակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու դրույթ: Լենինգրադը զուտ քաղաքի անուն է, որն այլևս գոյություն չունի, սակայն սա այդ խորհրդային միությունից մնացած փողոց է, որն իր անվան տեսանկյունից որևէ կիրառական նշանակություն չունի և չի կարող ունենալ: Առավելևս, մենք ունենք հերոսներ՝ ի դեմս Լեոնիդ Ազգալդյանի, ում անունով փողոց դեռևս չկա: Մենք ներկայացնելու ենք այս հարցը և պնդելու ենք, որ այն անվանափոխվի: Ինչ վերաբերում է մնացած դպրոցներին, փողոցներին, որոնք անվանակոչված են ոչ միայն հայ բոլշևիկների անուններով, այլևս ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների, այս հարցը ևս պետք է վերանայվի: Կարծում եմ՝ սա պետք է լինի մի մեծ փոփոխությունների մեջ ներառված փաթեթ, որն իր հետ բերելու է ոչ թե զուտ անվան փոփոխություն, այլ բերելու է պատմության վերաարժևորում:

- Նշեցիք մեծ փոփոխությունների մեջ ներառված փաթեթ պետք է լինի դպրոցների և փողոցների անվանափոխությունը: Մեծ փոփոխություն ասելով ի՞նչ նկատի ունեք՝ արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությո՞ւնը:

-Ուշ թե շուտ Հայաստանում պետք է սկսվի անկախության վերարժևորման գործընթացը և մենք հասկանանք, վերագնահատենք Խորհրդային միության դերը Հայաստանի պատմությունում: Ինչպես օրինակ դա արեց Վրաստանը՝ խորհրդային տարիները դիտարկելով որպես օկուպացիայի տարիներ: Մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց այն, որ վերագնահատման, և վերաարժևորման անհրաժեշտություն կա, և որ այդ ժամանակ են տեղի ունենալու նշածս փոփոխությունները, ես դրանում չեմ կասկածում:

- Մի քանի օրինակ կբերե՞ք, թե բացի Լենինգրադյանից, ո՞ր փողոցների, ո՞ր դպրոցների անվանափոխության հարցն եք նախատեսում քննարկել:

- Բազմաթիվ այդպիսի փողոցներ կան: Նաիրի Զարյանի դպրոցի անվանափոխության, Անաստաս Միկոյանի փողոցի անվանափոխությունը, իսկ Անաստաս Միկոյանի խորհրդային միության տարիներին մարդկանց հազարներով տանում էր կալանավորելու: Հայաստանում կան բազմաթիվ փողոցներ, որոնք ռուսական հոլովումներով անուններ են կրում, օրինակ՝ կա ֆիզկուլտուրնիկների փողոց: Օրինակները բազմաթիվ են, մենք հիմա խոսում ենք Ազգալդյանի անունով կոնկրետ փողոց անվանակոչելու մասին, բայց ես չեմ ուզում այդ շարքը թվել, թե ինչքան հայ մեծանուններ կան, ում անունով ո՛չ փողոց, ո՛չ դպրոց կա:

-Ընդհանրապես, փողոցների և դպրոցների անվանափոխությունն ի՞նչ է տալու:

-Սա իր մեջ կրում է և մշակութային, և դաստիարակչական բնույթ: Երբ այս ամենը փոխվի, կզգացվի որ երկրում տեղի են ունենում փոփոխություններ ոչ միայն արտաքին, այլև փոփոխություն է տեղի ունենում արժեքային առումով:


Մանրամասները՝ տեսանյութում: