ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը ռուսական սպառազինությունների մատակարարման հարցն է քննարկել Իրանում

15:56 • 05.08.17

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հետ։


«Թեհրան։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հետ կար քննարկելու բան»,- գրել է Ռոգոզինն իր թվիթերյան էջում։


Ավելի վաղ Ռոգոզինի գրասենյակում աղբյուրը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ռուսական սպառազինությունների մատակարարման հարցը. երկրները նախնական պայմանավորվել են ուժեղացնել ռազմատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցությունը՝ ԱՄՆ-ի կողմից երկու երկրների նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո։


Օրերս հաղորդվել էր, որ Մոլդովայի կառավարությունն «անցանկալի անձ» է ճանաչել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Ռուս պաշտոնյան ավելի վաղ մեղադրել էր Մոլդովայի իշխող կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկին Քիշնև և Տիրասպոլ իր այցը տապալելու համար: 


Հիշեցնենք. Ռումինիայի իշխանությունները հուլիսի 28-ին Մոսկվայից Քիշնև թռչող ինքնաթիռում պատժամիջոցների տակ գտնվող անձի գտնվելու պատճառով թույլ չէին տվել 165 ուղևոր տեղափոխող S7 ինքնաթիռին հատել երկրի օդային տարածքը: Ինքնաթիռը, որով Ռոգոզինի գլխավորած պատվիրակությունն ուղղվում էր Մոլդովա, ստիպված էր եղել գնալ Մինսկի արևմտյան աերոդրոմ:


«Ռումինիայի իշխանությունները վտանգի են ենթարկել S7 չվերթի ինքնաթիռի ուղևորների, կանանց և երեխաների կյանքը: Վառելիքը բավարարել է միայն մինչև Մինսկ: Սպասեք պատասխանի, տականքներ»,- գրել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունների որոշումը՝ թույլ չտալ իրեն տեղափոխող ինքնաթիռին իրենց տարածքով շարժվել դեպի Քիշնև: