Պետական այրերի՝ ծխելու դեմ լուրջ դեմքով «պայքարի» նպատակը գինը բարձրացնելն ու բյուջեն լցնելն է. իրավապաշտպան
Երբ Հայաստանում առողջապահությունը բարձիթողի վիճակում է, պետպատվերով բուժվող հիվանդներից գումարներ են կորզվում, պետական այրերի՝ «լուրջ» դեմքով հակածխախոտային պայքարը համոզիչ չէ:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության հակածխախոտային ռազմավարությանը և դրանից բխող՝ ծխախոտի առաջիկա թանկացմանը:
«Այդ ռազմավարության հիմնավորումը կարծես կառավարության հոգածությունն է բնակչության առողջության նկատմամբ, ինչը կարելի էր ողջունել, եթե այս տարիների ընթացքում նման հոգնածությունը ես անձամբ տեսած լինեի: Երբ գնում ես մեր պոլիկլինիկաները և տեսնում էդ հսկայական հերթերը, և չէի ասի՝ որակյալ բուժումը, երբ գնում են մարդիկ պետպատվերով բուժման, անապահով սոցիալական խավերը, և նրանցից գումար են պահանջում: Դա փաստ է, դեպքը կատարվել է իմ ծանոթների հետ։ Եվ, առհասարակ, երբ առողջապահությունը բարձիթողի վիճակում է, իմ համար բացարձակ համոզիչ չէ, որ Հայաստանի կառավարությունը մտածում է բնակչության առողջության մասին: Սա ինձ չի համոզում»,-ասաց իրավապաշտպանը և հարցրեց՝ «այդ դեպքում, ո՞րն է պատճառը այս հակածխախոտային ռազմավարության»:
Ավետիք Իշխանյանն ինքն էլ պատասխանեց իր տված հարցին. «Կարծում եմ՝ հիմնական նպատակն առողջության մասին մտածելու քողի տակ ծխախոտի գինը բարձրացնելն է և բյուջեն լցնելը»:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստին օրերս հաստատվեց Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը և այդ ռազմավարության 2017-2020 թթ. միջոցառումների ծրագիրը: Որպես դրա հիմնավորում նշվում է, որ ռազմավարության ներդրման նպատակն է միջոցներ իրականացնել` ուղղված Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը` պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը:
Սակայն նույն նախագծում նշվում է նաև, որ ամեն տարի՝ մինչև 2021 թվականը, 15 տոկոսով ավելանալու են ծխախոտի ակցիզները , ինչի արդյունքում ծխախոտը էապես կթանկանա:
Սրճարաններում չծխելու և մնացած սահմանափակումները, ըստ իրավապաշտպանի՝ ուղղակի քողն է առաջիկա թանկացումների:
«Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ծխախոտի գնի բարձրացմամբ ծխողների թիվը չի կրճատվելու: Եվ եթե մենք նկատում ենք, «խնայողությունների» անվան տակ սա է արվում՝ դպրոցների, հիմնարկների և այլ հաստատությունների, այսպես կոչված՝ օպտիմալացում…: Իրականում, հասկանալի է, որ խոսքը ոչ թե ծրագրերի, այլ դրամական միջոցների խնայողության մասին է: Կամ ի՞նչ է նշանակում՝ դատապարտյալների առանց այն էլ չնչին սննդի համար նախատեսված գումարի կրճատում (կրճատված գումարը՝ 595 դրամ օրական ), մյուս կողմից, դրան գումարում ենք «կարմիր գծերի» և այլ գումարները, երբ ամեն մի չնչին խախտման համար մարդկանց գցելով հսկայական տուգանքների տակ՝ բյուջեն են լցնում: Այ, այս նույն համատեքստում էլ ծխախոտը»,-ասաց նա։
Ամփոփելով՝ իրավապաշտպանը նկատում է, որ հակածխախոտային պայքարը պետք է ավելի շատ քարոզչական բնույթ ունենա, ոչ թե գնի թանկացման տանի:
«Մանավանդ, որ ԵԱՏՄ-ում ինչ-ինչ հարցերից ելնելով՝ դրա շուրջ պայմանավորվել են: Սա իմ տեսակետն է: Ինչ վերաբերում է զուտ իրավապաշտպանական տեսակետին, այստեղ ես որևէ բան չեմ կարող ասել, որովհետև հայտնի բան է, որ ծխելը հիմարություն է, բայց այդ հիմարությունը ես էլ եմ անում, և աշխարհում այդ հիմարությունը անում են միլիոնավոր մարդիկ, և չեմ կարծում, որ այդ հիմարության դեմ են ուզում իշխանությունները պայքարել»,-ամփոփեց Ավետիք Իշխանյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ սրճարաններում ու բարերում պետք է ծխելու սահմանափակումներ մտցվեն, ապա Ավետիք Իշխանյանը նկատեց, որ շատ քաղաքակիրթ երկրներում, որտեղ առողջապահությունն ու բժշկությունը շատ բարձր մակարդակի վրա են և անվճար, օդանավակայաններում, այլ հասարակական վայրերում կան ծխողների ու չծխողների համար հատկացված սրահներ:
«Բերեմ այդ երկրները՝ Շվեդիա, Ավստրիա, և մեր պետական այրերի՝ լուրջ դեմքով «պայքարը» ծխելու դեմ ինձ բացարձակապես չի համոզում»,-ավելացրեց Ավետիք Իշխանյանը:










