Մակեդոնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել հրդեհների պատճառով

12:16 • 06.08.17

Մակեդոնիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել հանրապետության երկու քաղաքային շրջաններում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Օլիվեր Սպասովսկին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք արտակարգ դրություն ենք հայտարարել Մակեդոնսկի Բրոդ և Չաշկա քաղաքային համայնքների տարածքում, որը գործելու է 30 օր: Որոշումը կայացվել է Մակեդոնիայի Հանրապետության մարմինների գործողությունների համակարգման նպատակով հրդեհների դեմ ավելի արդյունավետ պայքարի համար, քանի որ մոտ ժամանակներս բախվելու ենք բարձր ջերմաստիճանների, որոնք նպաստում են կրակի տարածմանը»,- ասել է Սպասովսկին: 

Հրդեհի օջախները պահպանվում են մի քանի վայրերում երկրի հյուսիսում: 

Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են պաշտպանության և փրկության հարցերով դիրեկցիայի աշխատակիցները, ՆԳՆ-ն, զինված ուժերի զինծառայողները, կոմունալ ծառայությունները: 

Հրդեհի մարման աշխատանքներին մակեդոնական ավիացիայի հետ համատեղ մասնակցում են ուղղաթիռներ Բուլղարիայից և Թուրքիայից: 

Անտառային հրդեհները Մակեդոնիայի տարածքում շարունակվում են երկու շաբաթ և ավելի մեծ մասշտաբներ են ստանում, քանի որ ջերմաստիճանն այնտեղ մոտենում է 40 աստիճանի: