Ինքնասպանությունը 1 օրում չի լինում. հոգեբանի կարծիքով՝ անտարբերությունն աճել է, պետք է ավելի հոգատար լինել

11:00 • 06.08.17

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը գտնում է, որ միշտ էլ սպանությունների, ինքնասպանությունների որոշակի թիվ եղել է, պարզապես վերջին շրջանում լուսաբանման արդյունքում է թվում, թե դրանք շատացել են:

«Ես կարծում եմ, որ դրանց լուսաբանումը պետք է զգույշ լինի և ոչ թե հաճույքով, ինչպես երբեմն արվում է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց, որ վերջին շրջանի ինքնասպանությունների, սպանությունների հիմքում սոցիալական խնդիրներ չկան, այլ կենցաղային և այլ խնդիրներ են:

«Եթե ինքնասպանությունների մասին ենք խոսում, ապա ինքնասպանությունների և դեպրեսիաների ամենաբարձր թիվը սոցիալապես ամենաապահով երկրներում է, իսկ ամենացածր թիվը՝ սոցիալապես անապահով երկրներում: Այսինքն` սոցիալական վիճակով սա չէի պայմանավորվի»,-ասաց նա:

Հոգեբանը ինքնասպանությունների հիմնական պատճառը համարեց անտարբերությունը:

«Անտարբերությունը զարգացել է, մենք պետք է ավելի հոգատար լինենք, որովհետև այդ ինքնասպանությունը մեկ օրում չի լինում, այլ նախապես որոշակի նշաններ է նկատվում»,-ասաց նա՝ նկատելով, որ հաճախ խուսափում են հոգեբանին դիմելուց:

«Պետությունը ոչ մի նման իրավիճակ չի կարող կանխել, կանխելը մեր մեջ է, որ մենք անտարբեր չլինենք երեխաների հարազատների նկատմամբ»,-ասաց նա:

Միհրդատ Մադաթյանն անդրադարձավ նաև տարբեր շարժումներին, օրինակ՝ էմոներին, և նշեց, որ վերջերս մի երեխա է տեսել, ում ուսապարկը դագաղի տեսքի ուներ:

«Այդ երեխաների ծնողը տեսել է չէ՝ ինչ է կրել երեխան, սա է անտարբերությունը: Այս ամենի միակ լուծումը հոգատարությունն է»,-եզրափակեց նա: