Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից հետո կոմայի մեջ գտնվող 4-ամյա երեխայի վիճակը կտրուկ վատացել է. նրան վիրահատում են
Օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից մեքենաներից մեկի վիրավորներից 4 տարեկան երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Նրան գլխի վիրահատության են ենթարկում:
Այս մասին Tert.am–ին հայտնեց վթարված մեքենաների մեկի՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած 36–ամյա վարորդի հարազատներից մեկը՝ չցանկանալով նշել անունը:
«Գլուխն է, ինչպես բացատրեցին՝ ուղեղը այտուցվում է, երեկ լավ դրական շարժ կար, բայց այսօր վատացել է»,-տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 21:48-ին, տեղեկություն էր ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի 99 GG 399 և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 պետհամարանիշերով ավտոմեքենաները, որի հետևանքով 1981թ. ծնված Գեղամ Սարգսյանը և 2013թ. ծնված Սարգիս Սարգսյանը վկաների ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Գեղամ Սարգսյանը մահացել էր, իսկ 4 տարեկան Սարգիս Սարգսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր: Նա գտնվում էր կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ նույն մարդը Tert.am-ին պատմել էր, որ իրականում վթարի մասնակից մեքենայի ղեկին եղել էր 26-ամյա երիտասարդ, սակայն հանձնվել էր 61 տարեկան տղամարդ՝ ոստիկանության նախկին աշխատակից Սամվել Ջեյրանյանը:
Ավելի ուշ ոստիկանություն էր ներկայացել է նրա որդին:










