Խոտածածկ տարածքները բավական չորացած վիճակում են, մի կայծը բավական է, որ հրդեհներ առաջանան իրենց ծանր հետևանքներով. ԱԻՆ մասնագետ
Ամռանը շոգ եղանակով պայմանավորված հրդեհների թիվն ավելանում է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, ամեն տարի սովորաբար ամռանը հրդեհների թիվն ավելանում է: Եթե օրինակ ապրիլին գրանցվում է 100 հրդեհ, ապա ամռան ամսիներին՝ 3 անգամ ավելի:
«Այդ ակտիվությունն այս ամռանն էլ կա, ավելին ասեմ, միտում կա ավելանալու: Վերջին օրերին շոգ եղանակը երկար ժամանակ է պահպանվում: Եթե տարիներ էր լինում, երբ շոգն ընդմիջումներով էր, ապա հիմա կայուն ձևով պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Այսօր հրդեհավտանգ իրավիճակ է, խոտածածկ տարածքները բավական չորացած վիճակում են և մի կայծը բավական է, որ հրդեհներ առաջանան իրենց ծանր հետևանքներով»,-ասել է Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ խոտածածկ տարածքներում, անտառային հատվածներում հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Եվ դա ոչ միայն մեր երկրում է: Սերգեյ Հայրապետյանը նշել է, որ, բարեբախտաբար, կարողացել են խուսափել խոշոր անտառային հրդեհներից, բայց դա չի նշանակում, որ պետք է զգոնությունը թուլացնել:
«Մարդիկ այս ամիսներին ձգտում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում, անտառաշերտ տարածքներում վառում են խարույկներ, նետում են լուցկի, չհանգցրած ծխախոտ: Դրանք էլ հրդեհի պատճառ կարող են լինել: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելը միայն հրշեջների գործը չէ: Եթե կարգապահություն չդրսևորեն հրդեհային անվտանգության հարցերում, ապա կունենանք աղետալի հրդեհներ»,-ասել է Սերգեյ Հայրապետյանը:
Նա նշել է, որ շատերը բնության գրկում հանգիստը կազմակերպելուց հետո աղբը չեն հավաքում, նետում են ապակյա առարկաներ, շշեր, իսկ դրանք կատարում են ոսպնյակի դեր, արևի ճառագայթները ֆոկուսացվում են և կայծ է առաջանում: Հետևաբար, անտառածածկ տարածքներում արգելվում է խարույկ վառելը: ԱԻՆ-ը հորդորում է լինել ուշադիր և հետևել հրդեհային անվտանգության կանոններին:










