Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի փոխվարչապետի թոռը
Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռը՝ 1994 թվականին ծնված Նաիլ Ալլահվերդիևը։ Նա ձերբակալվել է Բաքվում ՃՏՊ-ի առնչությամբ, որը դարձել է երկու մարդու մահվան պատճառ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազության և ՆԳՆ-ի համատեղ հայտարարությունը:
Գերատեսչությունների տվյալներով՝ օգոստոսի 3-ին Բաքվի Նարիմանովի թաղամասում Ալլահվերդիևի վարած Mercedes Gelandewagen-ը հայտնվել է ՃՏՊ-ի մեջ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկու հոգի ստացել են վնասվածքներ:
ՃՏՊ-ն բուռն արձագանք է ստացել սոցցանցերում: Փոխվարչապետը հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը՝ հայտարարելով, որ «իրավական պետությունում պատասխանատվությունն անհատական բնույթ է կրում»:
Ինչպես ասված է ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:










