Դուբայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

13:00 • 07.08.17

Դուբայում հրդեհ է բռնկվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի թաղամաս համարվող Dubai Marina-ում գտնվող հյուրանոցներից մեկում: Այդտեղ անցած շաբաթ բնակելի երկնաքերերում երկու հրդեհ էր գրանցվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Movenpick hotel Jumeirah Beach Residence հյուրանոցում հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը մոտ 10-ին, այժմ քաղաքացիական պաշտպանության ծառայությունները հրդեհը հսկողության տակ են վերցրել: Հյուրանոցի ղեկավարությունը հաստատել է, որ հյուրերից ոչ ոք չի տուժել։


«Մենք հաստատում ենք, որ հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այն արագ հսկողության տակ է վերցվել, բոլոր հյուրերն անվտանգ տարհանվել են»,- հայտնել են հյուրանոցից։


Սա երկու շաբաթվա ընթացքում նույն թաղամասում արդեն երրորդ հրդեհն է: Ուրբաթ խոշոր հրդեհ է տեղի ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկում՝ 87-հարկանի Torch Tower-ում: Կիրակի նույն թաղամասում հրդեհվել է 73-հարկանի Tiger Tower-ը, այդտեղ փոքր հրդեհն արագ մարվել է: