Վրաստանում անցկացվող GEM Fest փառատոնի 5 մասնակից տեղափոխվել է հիվանդանոց
Հինգ մարդ է հոսպիտալացվել վրացական Անակլիա սևծովյան հանգստավայրում անցկացվող GEM Fest էլեկտրոնային երաժշտության փառատոնի տարածքից: Այդ մասին հայտնում է Новости Грузия-ն՝ վկայակոչելով «Իմեդի» հեռուստաալիքը:
Բոլորն, ում անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն, տեղափոխվել են Զուգդիդի քաղաքի հիվանդանոց:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ երկու երիտասարդների տրվել է «անհայտ նյութից թունավորում» ախտորոշումը, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Եվս երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց այլ ախտանշաններով:
Բացի այդ, բժիշկների հսկողության տակ է գտնվում 19-ամյա մի աղջիկ: Թունավորման ախտանշաններով նա փառատոնից հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 6-ի վաղ առավոտյան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգոստոսի 4-ին Զուգդիդիի հիվանդանոցում թունավորումից մահացել է 22-ամյա աղջիկ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանից հետո փառատոնի կազմակերպիչները խոստացել են տեղեկատվական արշավ սկսել թմրանյութերի վնասակար հետևանքների մասին: Դրա հետ մեկտեղ՝ կազմակերպիչները նշել են, որ Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները հետևում են, որ GEM Fest-ում չհայտնվեն արգելված նյութեր:
Վերջին մի քանի օրվա ընթացքում փառատոնի անցկացման վայրի մոտակայքում գտնվող Զուգդիդիի շրջանի Գանմուխուրի գյուղում ոստիկանները ձերբակալել են թմրանյութերի իրացմամբ զբաղվող հինգ անձի:










