Տրանսպորտի նախարարը պետք է թողնի ոլորտը. սեպտեմբերից ցույցեր են սկսվելու, քուն ու դադարը չի լինելու. Տ. Հովհաննիսյան (տեսանյութ)

22:35 • 07.08.17

Տրանսպորտի նախարարությունը անգործության է մատնված, ապօրինի դաշտում գտնվող տաքսի ծառայություններին հարկային դաշտ չեն բերում: Տաքսու վարորդները նախարարության այս վերաբերմունքը դավաճանություն են համարում: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«2015 թ. տաքսիների լիցենզավորման նոր կարգ է գործում, որ յուրաքանչյուր վարորդ ամսական պետք է վճարի 12 հազար դրամ, բայց զուգահեռ աշխատում են օնլայն տաքսիներ, որոնք ընդհանրապես լիցենզավորման գումար չեն վճարում: Պարզից էլ պարզ է, որ նրանք ապօրինի դաշտում են: Եթե նրանք չեն վճարում, մենք էլ չենք վճարի, արդեն քանի ամիս է այս վիճակն է»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ տաքսու վարորդները պատրաստվում են դատի տալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին՝ իրենց խաբելու համար:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի խոսքով՝ 90 վարորդ տաքսիների համար նախատեսված լիցենզիաների գումարները զրոյացնելու գրությամբ դիմել են նախարարին: Վահան Մարտիրոսյանն էլ խոստացել է հարցը բարձրացնել Ազգային ժողովում, բայց, ըստ նրա՝ հարցին լուծում տալու փոխարեն դիմել է հարկադիր կատարման ծառայությանը:

«Վարորդները ծուղակ են ընկել՝ հավատալով գերատեսչության ղեկավարին: Դատի ենք տալու խարդախության համար, որ նա խաբել է վարորդներին: Բայց նա այդ քայլին դիմել միտումնավոր, որ մենք իրավական լիազորություններից զրկվենք: Նախարարը գրությունը վերցրել է, երկու ամիս պահելը մոտը, մեկել 2 ամիս հետո հարկադիրից սկսեցին տուգանքներ գալ: Եվ մենք չկարողացանք դատի տալ, որովհետև հայցի ներկայացման իրավունքի ժամկետը լրացած էր»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ հիմա փորձելու են այլ հոդվածներով դատի տալ Տրանսպորտի, կապի և ՏՏ-ի նախարարին. «Փորձում ենք նաև դիրքի չարաշահում, անգործություն, այդպիսի հոդվածներ գտնենք դատի տալու համար»,- հայտնեց լիգայի նախագահը:

«Վահան Մարտիրոսյանը քայքայել է տրանսպորտի ոլորտը: Նա եկել որպես տեխնոլոգիայի մասնագետ, նա ընդհանրապես տրանսպորտից զրո է: Մենք մինչև վերջ պայքարելու ենք և սեպտեմբերից ցույցեր են սկսվելու, քուն ու դադարը չի լինելու: Ցույցերին մասնակցելու են և տաքսու վարորդների, և ներկրողների»,- հայտարարեց Տիգրան Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: