Իտալիայի հյուսիսում եղանակային վատ պայմանների պատճառով 4 մարդ է մահացել

10:25 • 07.08.17

Իտալիայի հյուսիսում գրանցված կայծակները և քամին առնվազն չորս մարդու մահվան պատճառ են դարձել, երկու հոգի անհետ կորած է համարվում: Այդ մասին հայտնում է Corriere della Sera-ն:


Մեկ մարդ մահացել է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզում՝ Rainbow Family հիպի համայնքի հանդիպման ժամանակ: Ծառն ընկել է վրանի վրա, որտեղ գտնվել են տղամարդը և նրա ուղեկիցները: ԶԼՄ-ների տվյալներով՝ մահացածը Բելգիայի 41-ամյա քաղաքացի էր:


Եվս մեկ ծառ, որն ընկել է հարևան Վենետո մարզում, դարձել է գյուղական տոնի մասնակցի մահվան պատճառ: Տղամարդը հոսպիտալացվել է, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:


Երրորդ զոհը դարձել է 47-ամյա մի տղամարդ, որին կայծակ է հարվածել Տրենտինո Ալտո Ադիջե մարզում:


Չորրորդ զոհը դարձել է Հռոմից 24-ամյա մի զբոսաշրջիկ աղջիկ, ով ժամանել էր Լոմբարդիա մարզի Բրեշիա գավառ: Աղջկան ճանապարհից քշել է ջրի հոսքը, և նա ընկել է մի քանի մետր բարձրությունից:  


Երկու հոգի անհետ կորել է Ուդինե գավառում և Գարդա լճում: