Միլանում առևանգված բրիտանացի մոդելը վերադարձել է Լոնդոն և ցուցմունք է տալիս

23:33 • 07.08.17

Բրիտանացի մոդել Խլոյա Էյլինգը, որին առևանգել են Միլանում, վերադարձել է Լոնդոն և ցուցմունք է տալիս ոստիկանությանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով մոդելի գործակալին:

Էյլինգը պնդում է, որ երբ ինքը ֆոտոսեսիայի համար ժամանել է Միլանի կենտրոնում տեղակայված ստուդիա, իրեն առևանգել է իրենց «Սև մահ» կոչող մարդկանց խմբավորումը: Մոդելի վրա հարձակվել են և, ավտոմեքենայի բեռնախցիկը դնելով, տեղափոխել Թուրինի մոտակայքում գտնվող տուն, որտեղ նրան ձեռնաշղթաներով կապել են պահարանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, իտալական Միլանում լեհ լուսանկարիչը բրիտանացի մոդել է առևանգել և վաճառքի հանել աճուրդում: Լեհ լուսանկարիչ Լուկաշ Հերբան, որը պետք է ֆոտոսեսիա աներ հուլիսի 11-ին, կետամին է սրսկել նրան (անզգայացման համար կիրառվող միջոց): Աղջիկը կորցրել է գիտակցությունը, և 30-ամյա տղամարդը առևանգել և ապաստարան է տեղափոխել նրան, որտեղ էլ մեկ շաբաթ պահել է նրան: Հերբան վաճառքի է հանել մոդելին ինտերնետ-աճուրդում 300 հազար եվրո գնով:

Բրիտանուհու գործակալը, չկարողանալով կապվել նրա հետ, սկսել է փնտրել նրան: Առևանգումից յոթ օր անց Հերբան իմացել է, որ զոհը երկու երեխա ունի, և որոշել է բաց թողնել նրան՝ առաջնորդվելով էթիկայի իր կանոններով: Հուլիսի 17-ին տղամարդը բերել է նրան բրիտանական հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ նրան ձերբակալել են: Նա ընդունել է իր մեղքը, և այժմ կալանավորված է: