Հանրապետությունում արդեն երաշտ է, դա բնականաբար կազդի բերքի վրա․Հրաչ Բերբերյան (տեսանյութ)
Հանրապետությունում արդեն երաշտ է, շատ ծանր վիճակ է բոլոր մարզերում, բայց Շիրակում ընդհանրապես ծայրահեղ է վիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով վերջին ամիսների բարձր ջերմաստիճանի հետևանքների մասին։
«Հիմա փորձում են ժամանակացույցով ոռոգումը կատարել։ Հիմա գյուղացին կրկնակի է ոռոգում, քանի որ ջուրը անմիջապես գոլորշիանում է։ Սա բնականաբար կազդի բերքի վրա»,- նշեց նա։
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ լուրջ խնդիր կա նաև ջրամբարներում ջրի քանակի հետ կապված։ Ըստ նրա՝ խնդիրը կարգավորելու համար պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի, թե ինչու ջրամբարների առկա ջուրը լավ չի կուտակվում, ինչու ձագարները չեն մաքրվում։
«Վերջին 5 տարին մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք ջրամբարների խնդիր։ Չնայած հսկայական գումարներ ծախսվեցին և համաշխարհային բանկի ռեսուրսներից և գերմանական վարկից, որ ջրամբարները լավ աշխատեն, սակայն ոչ մի փոփոխություն չկա»,- նկատեց Բերբերյանը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ ոռոգման կաթիլային համակարգին անցնելը դեռ բարեփոխում չէ, ինչպես փորձում են ներկայացնել շատ պաշտոնյաներ։ Ըստ նրա՝ բարեփոխումներն այն ժամանակ կլինեն, երբ ոռոգման համակարգի ներկայիս մենաշնորհային վիճակը վերացվի։
«Գյուղացին, ֆերմերը ցանկանա, թե չցանկանա ՋՕՄ-ի միջոցով պետք է ոռոգում կատարի։ Մենք չենք ասում, որ ՋՕՄ–ը վատ աշխատող կառույց է, բայց մենք պետք է ունենանք այլընտրանքային ոռոգման համակարգ։ Այսինքն, եթե խոշոր ֆերմեր է, մեծ գյուղ է և նա ինքը կարող է ջուր վերցնել, այստեղ ի՞նչ կապ ունի ՋՕՄ–ը»,- ընդգծեց նա։
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ ֆերմերները պարտադիր պետք է դառնան ՋՕՄ-ի անդամ, պայմանագիր կնքեն և օգտվեն այդ սպասարկումից, որովհետև ՋՐԱՌ-ը ջուրը միայն ու միայն վաճառում է ՋՈ-երին։
«Մենք ֆերմերներ ունենք, որ լուրջ ծախսեր են անում իրենց հողերի ոռոգման համար և պատրաստ են դա անել, բայց ինչու ՋՕՄ-երից վերցնեն, երբ կարող են միանգամից ՋՐԱՌ-ից առնել։ Այժմ գյուղացին մեկ հեկտար կարտոֆիլի ոռոգման համար 16 հազար դրամ է վճարում, բայց իրական արժեքը պետք է լինի 8-11 հազար դրամ»,- ասաց Հրաչ Բերբերյանը։










