Վարչապետը փորձել է համայնքապետերի լեզվով խոսել․ սոցիոլոգը Կարեն Կարապետյանի դիմելաձևի մասին (տեսանյութ)
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի խոսքով՝ Արմավիրի մարզում համայնքապետերի հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանի զրույցն աշխատանքային միջավայրում է եղել, և կորպորատիվ տեսանկյունից վարչական շրջանների ղեկավարների հետ «դու»-ով խոսելը նորմալ կարելի է համարել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Արմավիրի մարզում համայնքապետերի հետ վարչապետը փորձել է «նրանց լեզվով» խոսել:
«Կառավարությունը շատ մեծ ապարատ է, և շատ մեծ տոկոսով բաղկացած է մարդկանցից, որոնց կարելի է հեռացնել աշխատանքից, որովհետև օգուտ չեն տալիս, ոչինչ չգիտեն, բայց տարիներով այդ աշխատանքն են անում: Այդ մարդիկ ինչ-որ մի մշակույթի կրող են: Որպեսզի իրենց համար հասկանալի խոսես, պետք է անցնես դրան: Իրենք չեն հասկանում․ կրթությունը, դաստիարակությունը չի բավարարում, այդպես են սովորել: Եթե այլ կերպ ես խոսում, իրենք դա այլ կերպ են մեկնաբանում: Եթե չեմ սխալվում, ունեցել ենք վարչապետ, որը Դուք-ով էր խոսում, բայց ոչինչի չհասավ»,- ասաց նա:
Կարեն Սարգսյանը մատնանշեց, որ վարչապետը պատասխանատու է գործընթացի համար և, ինքը, օրինակ, անձամբ, պատրաստ է ընդունել, որ վարչապետը «դու»-ով է խոսում: Նա անգամ նշեց, որ Արմավիրի մարզում համայնքապետերի հետ հանդիպման և Արմավիրի քաղաքապետի հետ զրույցի դրվագը հաշվի առնելով կարելի է համարել, որ մարզպետերին «դու»-ով դիմելն էլ քիչ է:
Անդրադառնալով վարչապետի՝ մարզպետերին Ամերիկյան համալսարան վերապատրաստման ուղարկելու թեմային՝ նա համաձայնեց, որ իհարկե շատ ավելի լավ կլիներ պատրաստված մասնագետներին այդ պաշտոնին նշանակելը, մյուս կողմից էլ նշեց, որ խիստ կասկածում է, որ վերապատրաստման ուղարկված մարզպետերը ինչ-որ բան կսովորեն Ամերիկյան համալսարանում: «Եթե սովորեին, մինչև այդ կսովորեին: Հիմա իրենք ուղղակի կունենան ևս մեկ սերտիֆիկատ պատին փակցրած»,- ասաց նա:
Տգիտության և անգործությունը վերացնելու կամ քչացնելու տարբերակն էլ, ըստ Կարեն Սարգսյանի, մարզպետերի 80 տոկոսին աշխատանքից հեռացնելն է: «Իդեալական միջոց է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










