Էջմիածնում 43 աստիճան շոգին ջուրը մեկ-մեկ է գալիս. բնակիչները փակել էին ճանապարհը
Էջմիածին քաղաքի բնակիչները խմելու ջրի խնդրին լուծում տալու նպատակով փակել էին ավտոճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ահազանգեցին Էջմիածնի Կամո, Կոմիտաս , Չարենց փողոցների մի շարք բնակիչներ:
Չարենցի փողոցի բնակիչ Դիանա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հետ պատմեց, որ մեկ ամիս շարունակ իրենց թաղամասում խմելու ջուր է տրվում 2 օրը մեկ ՝20 րոպեով:
«Խմելու ջուրն առնում ենք խանութից, իսկ լողանալու, զուգարանի, այլ կարիքների համար ջուրը բերում ենք հորերից: Ով ծանոթ, բարեկամ ունի, զանգում է ու հորերից ջուր ենք բերում»,- դժգոհեց Հարությունյանը:
Էջմիածնի Կամո փողոցի բնակիչ Լյուսյա Ասատրյանն էլ նկատեց, որ իրենց փողոցի շենքերը նախկինում տարին 12 ամիս ջուր են ունեցել.«Միշտ ջուր ունեինք, վերջերս ահավոր է: Ամեն առավոտ մթանը լողանում ենք, որ գնանք աշխատանքի, բայց էսօր ջուր չի եղել ընդհանրապես»,- տեղեկացրեց բնակչուհին:
Հարակից Փարաքար համայնքի ղեկավարն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախկինում այդ խնդիրն ունեցել են, սակայն այժմ ամեն բան կարգավորվել. «Վեոլիա Ջուր» ընկերությանը փոխել է ջրի խողովակները:
Սակայն Էջմիածին քաղաքի ջրամատակարարման խնդիր հետ կապված «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյան Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այս պահին տվյալ վթարների պատճառների մասին հստակ տեղեկություն ասել չի կարող, քանի որ աշխատանքներ են տարվում իրավիճակը խորքային հասկանալու համար:
«Աշխատանքներն Էջմիածնում ոչ թե ներկայումս տարվում են, այլև այնտեղ միշտ են աշխատանքներ ընթանում, դրանք չեն դադարեցվել: Կարող եմ հստակ ասել, որ այս տարի էջմիածնում ջրամատակարարումը ոչ միայն նախորդ տարվա համեմատ վատ չի արվել, այլև մի քանի անգամ լավ է արվել: Նախկինում այնտեղ կառավարել է «Հայջրմուղկոյուղի»-ին, դրա համար միշտ այնտեղ ջրի խնդիր է եղել: Հունվարից մենք ենք, այդ խնդիրները հայտնաբերել ենք ու սկսել ենք լուծել»,- պարզաբանեց նա:
Մուրադ Սարգսյանը պնդեց՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը Էջմիածնում ահռելի աշխատանք է տանում, պարզապես խնդիրն այն է, որ դեռևս ահռելի աշխատանք կա կատարելու.«Այս տարի ջրի սպառման, ջերմաստիճանի առումով արտառոց տարի է, ջրի պահանջարկը մեծացել է, իսկ այդ պահանջարկը այս մի քանի ամսում հնարավոր չէ ապահովել մաքիսմալ լավ: Տասնամյակներով Էջմիածնում և հարակից գյուղերում ձևավորվել է ջրօգտագործման ապօրինի համակարգ, հնարավոր չէ այս ամենը մի քանի ամսում կարգավորել: Այստեղից էլ գալիս են խնդիրները»,- եզրափակեց Մուրադ Սարգսյանը:










