Լոնդոնում որոնում են վազորդին, որը հարվածել է անցորդ կնոջը՝ գցելով նրան ընթացող ավտոբուսի առաջ (տեսանյութ)
Տեսահսկման համակարգերից ստացված կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է տղամարդը Լոնդոնում՝ Փաթնի կամրջի վրա, ավտոբուսի առաջ գցում 33-ամյա կնոջը, ինչից հետո ավտոբուսի վարորդը ստիպված է լինում շեղել ընթացքը՝ նրան չհարվածելու համար, հայտնում է BBC-ն:
Մայրաքաղաքի ոստիկանական ծառայության հաղորդմամբ՝ միայն ավտոբուսի վարորդի «գերազանց արագ արձագանքի» շնորհիվ է, որ ավտոբուսը չի հարվածել կնոջը: Ոստիկանությունը հայտնել է, որ ավտոբուսն այնուհետ կանգ է առել, և ուղևորներն օգնել են կնոջը, որը թեթև վնասվածքներ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 5-ին՝ առավոտյան 7:40-ին:
Ոստիկանների համաձայն՝ դեպքից 15 րոպե անց վազորդը հետ է վազել կամրջով, և տուժած կինը փորձել է խոսել նրա հետ, բայց նա «չի ճանաչել կնոջը»:
Ոստիկանությունը դիմել է միջադեպի ականատեսներին կամ կադրերում երևացող վազորդին ճանաչողներին ոստիկանության հետ կապ հաստատելու խնդրանքով: Նա 30-ն անց տղամարդ է՝ շագանակագույն աչքերով և կարճ շագանակագույն մազերով:










