Մեքսիկայի կարիբյան ափին տագնապ է հայտարարվել մոտալուտ փոթորկի պատճառով

05:28 • 08.08.17

Մեքսիկայի Կինտանա-Ռոո նահանգում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել՝ մոտեցող «Ֆրանքլին» փոթորկի պատճառով, որը ձևավորվել է Կարիբյան ծովի վրա և շարժվում է ցամաքով 22 կմ/ժ արագությամբ, քամու արագությունը դրա սահմաններում հասնում է 95 կմ/ժ –ի:

 

Ինչպես հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը, առաջիկա օրերին, հասնելով ափին, «Ֆրանքլինը» կարող է ձեռք բերել 1-ին կատեգորիայի փոթորկի հզորություն, ինչի պատճառով քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգոն և աչալուրջ լինել, հետևել իշխանությունների հաղորդումներին:

Նախորդ տարվա օգոստոսին Մեքսիկայում նմանատիպ փոթորկի ժամանակ զոհվել էր շուրջ 50 մարդ։ Փոթորկի հետևանքով այն ժամանակ ամենաշատը տուժել էին երկրի Վերակրուզ և Պուեբլա շրջանները: