Սփյուռքահայ գործարարից 2,2 մլրդ դրամ հափշտակողի գործը դատավորը ձգձգում է. գործարարը դիմել է Արդարադատության խորհուրդ

20:36 • 08.08.17

Սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանը դիմել է Արդարադատության խորհրդին իր գործով դատավորին՝ Արմեն Բեկթաշյանին, կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ընդհանրապես ՀՀ-ում արդարադատության համակարգը շատ դանդաղ է աշխատում և օրինակ կարող եմ բերել, որ  մինչև դատավարության ավարտելը գործը  կարճվել է  վաղեմության ժամկետը  անցնելու պատճառաբանությամբ: Այսինքն՝ մի պարզունակ գործ, որը կարելի էր ավարտել մեկ շաբաթում, դատավորներն այնքան են ձգձգել, մինչև որ վաղեմության ժամկետն` երկու տարին անցնի և գործը կարճվի: Այս գործը նույնպես այդ գործերից է, եթե դատավորը  շատ ձգձգի վաղեմության ժամկետը կանցնի և գործը կկարճվի»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Խուդյանը դիմել է Արդարադատության խորհրդին քանի որ յոթ ամսվա մեջ ութ դատական նիստ է տեղի ունեցել, ընդ որում  տուժողները գալիս են արտերկրից և նիստի մեկնարկից կես ժամ առաջ է դատավոր Բեկթաշյանի օգնականը տեղեկացնում, որ նիստը հետաձգվում է ինչ-ինչ պատճառներով:

«Արդարադատության խորհուրդը կարող է կարգապահական վարույթ  սկսել, պատասխանատվության ենթարկել, սակայն այստեղ ոչ թե պատասխանատվության աստիճանն է կարևոր, այլ որպեսզի դատավորը զգոն լինի և դատական նիստերը նշանակի ոչ թե ամիսը մի անգամ, այլ չորս-հինգ նիստ անցկացնի մեկ ամսվա ընթացքում»,-ասաց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե դատարանները պնդում են, որ ծանրաբեռնվածության պատճառով են ուշ-ուշ նշանակվում նիստերը, Բաղդասարյանն ասաց.«Ոչ, ոչ թե դատավորները ծանրաբեռնված են,  այլ նրանց մի մասը դատավարությունն անցկացնում է անիմաստ: Մենք անիմաստ չորս նիստ շարունակ հրապարակել ենք գործի նյութերն, այն դեպքում, երբ դատավարության բոլոր կողմերը ծանոթ են դրանց: Դա անիմաստ աշխատանք է, որը կատարում են դատավորները»:

Հարցին, թե միտում է տեսնո՞ւմ տուժող կողմը, Բաղդասարյանն ասաց, որ դատական նիստերը ձգձգելու  դեպքում վաղեմության ժամկետը կանցնի և մեղադրյալը կազատվի պատասխանատվությունից. «Մեղադրյալը կազատվի, իսկ այնտեղ միլիոնավոր դոլարների  գործարք է եղել»:

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում` փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր «Արին Կապիտալ» Ներդրումային ՍՊԸ բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով` գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ առանձնապես խոշոր չափերի` 2 մլրդ 255 մլն 412 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178 –րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Նշենք, որ ընկերությանը կանխամտածված սնանկացման հասցնելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը  2014 թվականին կալանքից ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: