ԱՄՆ-ում սատկել է ժեստերի լեզուն սովորած 39-ամյա օրանգուտանը
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում սատկել է 39 տարեկան արու օրանգուտան Չանտեկը, որը հայտնի է դարձել ժեստերի լեզուն սովորելու շնորհիվ:
Reuters գործակալության տվյալների համաձայն՝ օրանգուտանը բուժվելիս է եղել սրտային հիվանդությունից:
Նշվում է, որ Չանտեկը եղել է ժեստերի լեզուն սովորած առաջին օրանգուտաններից մեկը: Նա այդ լեզվով շփվել է կենդանաբանական այգու պահակների հետ:
Հայտնի է, որ Չանտեկը ծնվել է Ատլանտայում և 9 տարի ապրել մարդաբան Լին Մայլզի հետ: Կենդանին սովորել է հավաքել իր սենյակը, գործիքներ պատրաստել և օգտագործել, ինչպես նաև ցույց տալ երթուղին իր բնակության վայրից մինչև արագ սննդի կետ: Հատկանշական է, որ կենդանին ամաչկոտության պատճառով չի կարողացել ժեստերի լեզվով շփվել անծանոթ մարդկանց հետ:










