Սաակաշվիլին մեկնել է Լիտվա և հրաժարվել այդ երկրի քաղաքացիությունից

15:36 • 08.08.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, Լեհաստանից մեկնել է Վիլնյուս, որտեղ հայտարարել է, որ չի հավակնում Լիտվայի քաղաքացիություն ստանալուն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Վիլնյուսում քաղաքական գործիչը մասնակցել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց անցկացված հանրահավաքին: Լրագրողները հարցրել են նրան Լիտվայի անձնագիր ստանալու հավանականության մասին:


«Ես պետք է վերադարձնեմ իմ ուկրաինական քաղաքացիությունը, որն ինձնից անօրինական կերպով խլել են: Բազմաթիվ ուկրաինացիներ վրդովված են և իրենց խաբված կզգան, եթե ես չպայքարեմ»,- ասել է Սաակաշվիլին:


Ավելի վաղ եվրախորհրդարանական Պյատրաս Աուշտրյավիչյուսն առաջարկել է ուսումնասիրել Սաակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տրամադրելու հնարավորությունը:


Սաակաշվիլիի խոսքով՝ այժմ նա կարող է ճանապարհորդել, քանի որ նա ունի ուկրաինական անձնագիր: Վիլնյուս կարճատև այցելությունից հետո նա պատրաստվում է հեռանալ Լիտվայից, բայց թե ուր է ուղղվելու՝ Սաակաշվիլին չի հստակեցրել:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնել է Լեհաստանից, սակայն թե ուր՝ չէր նշվել։


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: