Վենեսուելայում կառավարական պաշտոնյաներն ու զինվորականները ներխուժել են ընդդիմադիր Ազգային ժողովի պալատ
Վենեսուելայի կառավարական պաշտոնյաներն ազգային գվարդիայի զինվորականների ուղեկցությամբ երկուշաբթի ներխուժել են Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ժողովի պալատ: Այդ մասին հայտնում է երկրի խորհրդարանի կայքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նիստի ավարտվելուց հետո պաշտոնյաներ Դելսի Ռոդրիգեսը, Դարիո Վիվասը և Ֆիդել Վասկեսը գնդապետ Բլադիմիր Լուգոյի գլխավորած ազգային գվարդիայի սպաների խոշոր խմբի ուղեկցությամբ ներխուժել են Ազգային ժողովի պալատ, կոտրել դռները և հարձակվել արձանագրությունների սրահի վրա»,- ասված է ժողովի կայքում:
Խորհրդարանի տվյալներով՝ այդ պաշտոնյաները հարմարեցրել են տարածքը երեքշաբթի նախատեսված Ազգային հիմնադիր ժողովի հանդիպման անցկացման համար:
Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունները (հիմնադիր ժողով) կայացել են հուլիսի 30-ին: Այն ուղեկցվել է բախումներով, որոնց ընթացքում ավելի քան տասը մարդ է զոհվել:
Սահմանադրական ժողովը կստանա Սահմանադրությունը փոխելու և նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների հսկողության տակ գտնվող Ազգային ժողովը ցրելու լիազորություն: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և բողոքի նոր ակցիաների կոչ է անում:
Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում էին հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել:










