Թուրքիայում ձերբակալվել է հայտնի ընդդիմադիր պարբերականի խմբագիրը

10:07 • 10.08.17

Ստամբուլում ձերբակալվել է թուրքական հայտնի ընդդիմադիր «Բիրգյուն» պարբերականի խմբագիր Բուրակ Էքիջին, այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:

Էքիջին այդ մասին հայտնել է Twitter-ի իր էջի միջոցով: Հայտնի է նաև, որ ոստիկաններն առգրավել են նրա բջջային հեռախոսը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել ընդդիմադիր պարբերականի խմբագրին:

Նշենք, որ տարիներ առաջ «Բիրգյուն» պարբերականի սյունակագիրներից է եղել նաև պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքը:

Ամիսներ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:

Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը: