Անընդհատ 600 հոգի այստեղ է, բայց առայժմ մարդկային ուժն այդքան էլ արդյունավետ չէ հրդեհի մարման աշխատանքների համար. Արարատի փոխմարզպետ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար կամավորագրվել են բավական մեծ թվով քաղաքացիներ. այս մասին Tert.am-ին ասաց Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, ով կամավորների խմբի հետ արդեն քանի օր է «Խոսրովի անտառում» է:
«Արդեն 3 օր է, ինչ աշխատանքներն ընթանում են, կոնկրետ մեր մարզպետի գլխավորությամբ շտաբ է ստեղծվել, բոլորս այստեղ ենք, ԱԻՆ-ի հետ աշխատում ենք, փորձում ենք ուժերի ներածին չափով աջակցել անտառի պաշտպանությանը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց հետ են նաև համայնքի ղեկավարները՝ շուրջ 80 համայնք, ամեն մեկը տասը հոգով:
«Անընդհատ 600 հոգի այստեղ է, որպեսզի իրար փոխարինեն, բայց առայժմ մարդակային ուժն այդքան էլ արդյունավետ չէ, քամին խանգարում է աշխատանքներին: Ամեն դեպքում այստեղ ենք և սպասում ենք ԱԻՆ-ի գլխավորությամբ ստեղծված համապատասխան շտաբի հանձնարարականին, թե ինչ կտան քաղաքացիական մարդկանց»,- ավելացրեց Աշոտ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում բռնկվել էր բուսածածկ տարածք: Ըստ խիստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: Ըստ ԱԻՆ-ի՝ օգոստոսի 14-ին, ժամը 14:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 75 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա գյուղերի 60 գյուղապետ՝ մոտ 600 բնակչի հետ:










