Փղերն օգնել են ջրհեղեղի տակ հայտնված Նեպալի սաֆարի պարկից հարյուրավոր մարդկանց տարհանել
Փղերն օգնել են հարյուրավոր զբոսաշրջիկների տարհանել Նեպալում ջրհեղեղի տակ հայտնված սաֆարի պարկից: Այդ մասին հայտնել են պաշտոնյաները, գրում է Reuters գործակալությունը:
Չորս օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի:
Մայրաքաղաք Կատմանդուից 80 կիլոմետր հեռավորության վրա՝ Սաուրահա բնակավայրում, Ռապտի գետը դուրս է եկել ափերից՝ արգելափակված թողնելով մոտ 600 զբոսաշրջիկի:
Չիթվան ազգային պարկի եզրին գտնվող բնակավայրը հայտնի է օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում՝ հիմնականում ռնգեղջյուրներ դիտելու և փղերի վրա զբոսնելու համար:
«Մոտ 300 հյուր փղերի մեջքին նստած և տրակտորի կցասայլերի վրա երեկ տարհանվել է Բհարապտուր քաղաք, մնացածը կտեղափոխվեն առավել անվտանգ վայր այսօր»,- ասել է Սաուրահայի հյուրանոցների սեփականատերերի խմբի ղեկավար Սուման Գիմիրը:










