Ֆրանսիայում կողոպուտի «զոհ» դարձած Վրաստանի դեսպանի պայուսակում եղել են դիվանագիտական փաստաթղթեր. Վրաստանի ԱԳՆ

15:27 • 14.08.17

Ֆրանսիայում կողոպուտի «զոհ» դարձած Վրաստանի դեսպանի անձնական պայուսակում եղել են դիվանագիտական փաստաթղթեր: Այդ մասին հայտնել են երկրի արտգործնախարարությունից՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Էկա Սիրաձե Դելոնեի կողոպուտի առնչությամբ, գրում է Грузия Online-ը:


ԱԳՆ-ում նշել են, որ կողոպուտի հետևանքով ինքը՝ դեսպանը վնասվածքներ չի ստացել:


«Կողոպուտի հետևանքով կորել է դեսպանի անձնական պայուսակը, որի մեջ եղել են դիվանագիտական փաստաթղթեր: Տեղի ունեցածի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ, այն հետաքննում է Ֆրանսիայի քրեական ոստիկանությունը: Դեսպանը հարձակման հետևանքով վնասվածքներ չի ստացել»,- հայտնել են ԱԳՆ-ում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզի արվարձանում թալանել են Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Էկա Սիրաձե Դելոնեին: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Փարիզից հյուսիս գտնվող Սեն Դենի թաղամասում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում:


Երկու անհայտ անձինք սքութերով կանգնել են դիվանագետի մեքենայի կողքին, կոտրել ապակին, վերցրել պայուսակը, ինչից հետո անհետացել հանցագործության վայրից: Մի քանի ժամ անց գողացված պայուսակը հայտնաբերել են հարևան Պյերֆիտ Սյուր Սեն արվարձանում: Սակայն չի նշվում՝ արդյոք դիվանագիտական փաստաթղթերը եղել են պայուսակում, թե ոչ։