Ղազախական ավիաընկերությունը տուգանել է ուղևորին ինքնաթիռի սեղանիկը փակելու պահանջը մերժելու համար (տեսանյութ)
Ղազախական Air Astana ավիաընկերության ուղևորը տուգանվել է վայրէջքից առաջ սեղանիկը փակելու պահանջը մերժելու համար: Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը:
Ուղևորը Facebook-ում հրապարակել է միջադեպի տեսաձայնագրությունը:
Տեսանյութում բորտուղեկցորդուհին ռուսերենով ասում է ուղևորին, որ նա խախտում է կանոնները և նամակ-նախազգուշացում փոխանցում տղամարդուն: Կինը նաև ասում է, որ ոստիկանություն կկանչի ինքնաթիռի սրահ, այնուհետև գնում է: Ուղևորը պատասխանում է նրան ղազախերենով:
Sputnik Kazakhstan-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին՝ Աստանա-Ալմաթի չվերթի ժամանակ: Ինքնաթիռի վայրէջքից առաջ ուղևորներից մեկը հրաժարվել է փակել սեղանիկը:
«Այս կանոնի խախտումը կարող է հանգեցնել վնասվածքների, ահա թե ինչու պետք է խստագույնս հետևել դրան», - նշել է Air Astana-ի մամուլի ծառայությունը:
Ավիաընկերության ներկայացուցիչները նաև պատմել են, որ բորտուղեկցորդուհիներն այս խնդրանքով դիմել են ուղևորին երեք լեզվով: Սակայն վերջինս ղազախերենով պահանջել է, որ իրեն մոտենա ավագ բորտուղեկցորդուհին, որն այդ պահին զբաղված է եղել: Արդյունքում ուղևորը տուգանվել է: Տղամարդը գրել է Facebook-ում, որ Ալմաթիում վայրէջքից հետո ինքը տեղափոխվել է ոստիկանություն:










