Վերջին 10 տարիներին առնվազն 10 անգամ մերժել ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններում մեր մասնակցությունը, բայց ՌԴ-ն դրա համար շնորհակալություն չի ասել. Պապյան (տեսանյութ)

20:25 • 15.08.17

Հայ-ռուսական միացյալ զորախումբը համարժեք չէ ՆԱՏՕ-ի հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ խոսելով ռուսական քաղաքագիտական շրջանակներում հնչող կարծիքների մասին, թե ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը քաղաքականապես չեզոքացնում է հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությունը:

Պապյանն ասաց, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կարճաժամկետ են, իսկ ստեղծված զորախումբը՝ երկարաժամկետ: Այնուամենայնիվ, Արա Պապյանն ասաց, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է որոշել, թե ինչ միջոցներով կապահովի իր անվտանգությունը, առավել ևս, երբ Ռուսաստանը հավատարիմ չէ իր դաշնակցային պարտավորություններին:

«Մեզ համար Ռուսաստանի վարքը անընդունելի պետք է լինի: Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, նաև մտադրություն ունի զենք վաճառել Թուրքիային: Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին բացասական է գնահատվում ՌԴ կողմից, բայց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային զենք վաճառելը, այն էլ այնպիսի հզոր զինատեսակ, ինչպիսին է C-400-ը, որը կարող է չեզոքացնել Հայաստանում տեղակայված ՌԴ ռուսական ռազմաբազան, բացասական չէ»,- ասաց Արա Պապյանը:

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը բազմիցս մերժել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հրավերը, բայց հիմա ՀՀ-ն ռազմական համագործակցությունը բազմազան է դարձնում, դիվերսիֆիկացնում է, թեև ՆԱՏՕ-ի հետ այն ծավալով չի համագործակցում, որքան՝ ՌԴ, ՀԱՊԿ-ի հետ:

Արա Պապայանը նշեց, որ Ռուսաստանը փչացրեց իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ և հիմա ցանկանում է, որ իր գործընկեր պետությունները, այդ թվում մենք, փչացնենք մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

«Ռուսաստանն անհանգստանում է, որ Հայաստանը կընկնի ՆԱՏՕ-ի ազդեցության տակ և սա պայմանավորված է իրենց իսկ վարքով: Իրենք շարունակում են զենք մատակարարել մեր հակառակորդին և Հայաստանը սրանից հետևություններ պետք է անի: Հնարավոր չէ, որ ՌԴ-ն շարունակի զինել Ադրբեջանին ու սա արձագանք չունենա մեր հանրության մեջ: Մենք տարվա ընթացքում առնվազն տասն անգամ մերժել ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը, բայց դրա դիմաց շնորհակալություն ստացե՞լ ենք, Ռուսաստանն ասել է, լավ է, որ չմասնակցեցիր, ես քեզ 100 միլիոնի զենք կտա՞մ, չէ, Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, հիմա էլ մտածում է զենք վաճառել Թուրքիային»,- նշեց Արա Պապյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: