Երևանում հյուրանոցների թվի պակասը լրացվում է վարձակալության հանձնված բնակարաններով. Աշոտ Նազարյան
Հայաստանում և, մասնավորապես, Երևանում հյուրանոցների քանակը չի բավարարում զբոսաշրջիկների պահանջարկը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արմհոթելզ» ընկերության տնօրեն Աշոտ Նազարյանը:
Նա նշեց, որ Երևանում հյուրանոցների թվի պակասը լրացվում է վարձակալության հանձնված բնակարաններով: «Հյուրանոցների թիվը փոքր է, պահանջարկը բավարարվում է բնակարաններով: Մարդիկ իրենց բնակարանները վարձով են տալիս և լրացվում է հյուրանոցների թվի պակասը»,- ասաց Աշոտ Նազարյանը:
Ըստ Նազարյանի՝ վարձակալության հանձնված բնակարանները վերահսկողությունից դուրս են, վարձակալները անձնագրային տվյալներ չեն տալիս, ինչը նաև անվտանգության հարցեր է առաջացնում:
Աշոտ Նազարյանն ասաց, որ անհատ զբոսաշրջիկները նախընտրում են հյուրանոցները, անհատ, բայց էկոնոմ դասի զբոսաշրջությունը նախընտրողները՝ հոսթելներ և հյուրատներ, իսկ ընտանիքով հանգստի մեկնողները՝ բնակարաններ:
«Մարդիկ գալիս են ընտանիքով, 50-60 դոլարով բնական են վարձում, կարողանում են 5-6 հոգով մնալ, բայց հյուրանոցում 5-6 հոգով չեն կարող 60 դոլար վճարել: Դրա համար բնակարանների պահանջարկը մեծանում է: Պահանջարկ ունեն նաև հոսթելները, հյուրատները, որոնք նախընտրում են անհատ զբոսաշրջիկները: Պահանջարկը փոքր է, դրա համար առաջարկը ևս փոքր է, այնքան է՝ որքան անհատ-զբոսաշրջիկներ կան»,- ասաց նա:
Նազարյանի խոսքով՝ Հայաստանում solo traveler-ների թիվը մեծ չէ, այդ մարդիկ իրենք իրենց միջոցներով գալիս են, առանց տուր փաթեթների, իրենք ինքնուրույն են տեղաշարժվում, մեկնում տեսարժան որևէ վայր: «Բայց նրանք շատ չեն, որովհետև կոմունիկացիան զարգացած չէ, այդ մարդիկ չեն կարողանում, օրինակ, Գառնի Գեղարդ մեկնել ավտոբուսով, միայն վարորդի հետ շփումն արդեն նրանց համար խնդիր է, որովհետև լեզվին չի տիրապետում»,- նշեց Աշոտ Նազարյանը:










