Կառավարության որոշելիքն է. ՊՆ և ԱՆ խոսնակները «Ելքի»՝ սպաներին արտոնություններ տալու և դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելու առաջարկության մասին
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ խմբակցության պատգամավորներով այսօր շրջանառության մեջ են դրել երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է առողջապահական ոլորտին, մյուսը՝ ՀՀ Զինված ուժերին:
Նա, մասնավորապես, գրել է. «Դրանցից մեկով առաջարկում ենք դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։
Մյուսը վերաբերվում է գույքահարկին։ Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչև ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։ Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաև նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Կառավարության որոշելիքն է, թե նախագիծն ինչ նկատառումներով է արված և բյուջեի հետ կապված ինչ խնդիրներ կառաջանան: «Այս մասով ես չեմ կարող ասել, բայց որ կհանգեցնի դեղերի էժանացմանը՝ միանշանակ է: Եթե որևէ ապրանք ներկրվում է և դրա վրա 20 տոկոս լրացուցիչ հարկ է դրվում՝ պարզ չի՞, որ եթե այդ հարկը հանվի, ապրանքի գինը կէժանանա: Այսինքն՝ եթե ԱԱՀ-ից ազատված լինի, առնվազն 20 տոկոսով գները կէժանան, որովհետև 20 տոկոս դեղերի համար ավելացված արժեքի հարկ են մուծում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է 2-րդ նախագծին՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, քանի որ որոշելիքը Կառավարությանն է:
«Պետությունը պետք է տա արտոնություն, ուղղակի պետք է հաշվարկի՝ կարո՞ղ է ավելին տալ, թե ոչ: Խնդիրը դա է, այսինքն՝ արտոնություն տվողը և ֆինանսական բեռը վերցնողը ՊՆ-ն չէ, այլ Կառավարությունը»,-ասաց նա:
Թե ինչպես է բացատրվում, որ ՀՀ Զինված ուժերի սպաները մինչև ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հավանաբար պայմանավորված է լրացուցիչ ծառայությամբ:
«Իմ կարծիքով՝ այստեղ ընդամենն այն պատճառով է, որ սպայի ծառայությունը 20 տարի է համարվում, ավելը՝ լրացուցիչ ծառայություն է, այսինքն՝ կուզենա՝ կմնա, չի ուզենա՝ չի մնա: Իմ կարծիքով՝ դրա համար է սահմանվել 20 տարի»,-ասաց նա:










