Air Berlin-ը սնանկության գործընթաց է սկսել
Գերմանական երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը՝ Air Berlin-ը, նախաձեռնել է սնանկության գործընթաց: Այդ մասին հայտնում է BBC-ն:
«Դա ծանր հարված է Air Berlin-ի աշխատակիցների համար: Մեզ համար այժմ առաջնահերթություն է աշխատատեղերի երաշխավորումը: Air Berlin-ը պետք է հոգ տանի թափանցիկության մասին և տրամադրի անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը»,- ասված է հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների գերմանական արհմիության հայտարարությունում:
Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ գլխավոր բաժնետեր Etihad-ը հրաժարվել է ֆինանսական աջակցություն տրամադրել Air Berlin-ին:
Ավիաընկերությունը հայտնել է 2016 թվականին ռեկորդային 782 միլիոն եվրոյի կորստի մասին: Հաղորդվում է, որ ընկերության գլխավոր մրցակից Lufthansa ընկերությունը բանակցություններ է վարում Air Berlin Group-ի մի մասը գնելու համար:
Ընկերությունը շարունակելու է թռիչքներ իրականացնել Գերմանիայի կառավարությունից 150 միլիոն եվրոյի փոխառության շնորհիվ:










