Հս. Կորեայից հնչող սպառնալիքների ֆոնին Գուամում ռադիոյով սխալմամբ տագնապի ազդանշան է հնչել

15:02 • 15.08.17

ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզում, որի ուղղությամբ ավելի վաղ ԿԺԴՀ-ն սպառնացել է հրթիռներ արձակել, երկու ռադիոկայան պատահաբար գործարկել է արտակարգ իրավիճակների մասին ծանուցման համակարգը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:


Երբ տեղի ժամանակով ժամը 12:25-ին հնչել է տագնապի ազդանշանը, որոշ ռադիոլսողներ զանգահարել են ոստիկանություն:


«Վտանգի մակարդակը նախկինի պես է մնում, մենք շարունակում ենք գործել՝ ինչպես միշտ»,- միջադեպը մեկնաբանել է Գուամի նահանգապետի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Ջորջ Չարֆաուրոսը:


Տագնապի ազդանշանը տևել է ընդամենը 15 րոպե: Պաշտոնյաները նշել են, որ իրական արտակարգ դրության ազդանշանը կնկարագրեր նաև, թե կոնկրետ ինչ սպառնալիք է առկա:


ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում հաստատել են, որ խոսքը սխալի մասին է, կոչ են արել բնակիչներին և հյուրերին հանգստություն պահպանել և խոստացել են ջանքեր գործադրել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է զինվորականներին պատրաստ լինել ցանկացած պահի հարվածել ԱՄՆ-ին պատկանող տարածքներին:


Կիմ Չեն Ընը Կորեայի ազգային բանակի սպաների հետ քննարկել է խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում ամերիկյան ռազմաբազային հարվածելու ծրագիրը:


Հյուսիսկորեական կառավարությանը մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ Փհենյանը մտադիր է 4 հրթիռ արձակել դեպի Գուամ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել իր ռազմական հնարավորությունների ամբողջ սպեկտրը Փհենյանի միջուկային սպառնալիքից պաշտպանվելու համար:


Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Հս. Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին: